Տասնամյակներով, երբ Հայոց ցեղասպանության օրինագիծն առկախվում էր Կոնգրեսում ու չէր հասնում վերջնական ճանաչմանը, Նենսի Փելոսին գործում էր՝ հաշվելով մեր քվեներն ու սպասելով հարմար պահի՝ ասացին հայ լոբբիստները՝ միջոցառման սկզբում ցուցադրելով նաև ֆիլմ 2019-ի պատմական օրվա մասին, երբ նախ կուլիսների հետևում աշխատելով, ապա բացահայտ՝ նա հաստատման տարավ հայկական օրինագիծը։
Նենսի Փելոսի (ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ) - Ինձ հարցնում են, թե ինչպես ես սկսեցի հետաքրքրվել հայերով: Նախ և առաջ՝ Սան Ֆրանցիսկոյում ապրել եմ հիանալի հայ ազգաբնակչության հետ, որտեղ մենք միասին պայքարում էինք հայերի հետ պատահած անարդարության ճանաչմանը հասնելու համար։
Երբ 1988-ին Նենսի Փելոսին առաջին անգամ ընտրվեց Կոնգրես՝ թուրք լոբբիստները նրա գրասենյակ էին ուղարկել Օսմանյան Թուրքիայի մասին մի գիրք։ Քարոզչական հնարքը հակառակ ազդեցություն էր ունեցել հետագայում ամերիկյան քաղաքական օլիմպոսի ամենավերին բարձունքները հասած գործչի վրա, որը հայերի հետ պատահածին փոքրուց տեղյակ էր։
Նենսի Փելոսի - Երևանում Հայոց ցեղասպանության թանգարանը այցելելուց հետո ինձ համար պատիվ է ստանալ Հենրի Մորգենթաուի անվան մրցանակը։ Նա 20-րդ դարում բարոյական ուժի հսկաներից էր, որն առանց տատանվելու ահազանգ հնչեցրեց Հայոց ցեղասպանության մասին։ Ես այդ մրցանակը կներկայացնեմ Կապիտոլիումի բարձունքին՝ որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության հպարտ խորհրդանիշ։
Մարիամ Խալոյան (ԱՀՀ Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու) - Դեսպան Հենրի Մորգենթաուի մրցանակը ԱՄՆ Հայկական համագումարի կողմից տրվում է արդեն հինգերորդ անգամ։ Այն նախատեսված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նշանակալի դեր ունեցած պաշտոնյաների համար։
Անցյալին նայելով՝ այսօրվա համար գործելու մասին էր Փելոսիի ելույթի վերջաբանը։ Ադրբեջանի անօրինական հարձակումները Հայաստանի դեմ կարող են տարածաշրջանը գլորել դեպի մահաբեր անցյալը՝ նշեց նա խոսքի ավարտին։
Բրայան Արդունի (ԱՄՆ Հայկական համագումարի գործադիր տնօրեն) - Որպես Հայաստան այցելած ամերիկյան բարձրագույն պաշտոնյա, որը, ինչպես կոնգրեսականն ասաց՝ ավելի շատ իրադարձություն էր, քան պարզապես այց, դուք, օգնեցիք զսպել Ադրբեջանի կողմից լարվածությունն ու դրանով փրկեցիք կյանքեր։
Ֆրենկ Փալոն (ԱՄՆ կոնգրեսական, Նյու Ջերսի) - Կուզեի մի առիթով էլ այցելել Հայաստան ու լինել նաև Արցախում։
Վիգեն սրբազանի փակման խոսքին Փելոսին մի պահ չկարողացավ զսպել արցունքն ու խաչակնքեց։ Ձեր արածներով Դուք արդեն հայկական պատմության մի մասն եք, ամփոփեց բարձրաստիճան հոգևորականը: