Հեյդին ու Լեյֆը հեծանիվով Օսլոյից հասել են Երևան՝ Հայաստանում Նանսենի հետքերով քայլելու համար: Ընտրել են այն ճանապարհը, որով անցել է իրենց հայրենակիցը Հայաստան գալիս: Նորվեգացի ընկերները հաղթահարել են 5000 կմ ճանապարհ, անցել 12 երկրով, 3 ժամային գոտի փոխել, վայելել 3 լիալուսին և մաշեցրել 27 անվադող: Դուրս են եկել սեպտեմբերին. եթե գերբեռնված ճանապարհներն ու ցուրտը չխանգարեին, ավելի շուտ տեղ կհասնեին:
Լեյֆ Կագեն (ճանապարհորդ) - Բաթումում մեզ խորհուրդ տվեցին կանգ առնել, որովհետև սարերը ձնել էին, ցրտել, առաջ գնալը դժվարացել էր: Նույնիսկ հեծանիվի անվադողերը չէին դիմանում, բայց դա կարևոր չէր, մենք պետք է մինչև ձմեռ Հայաստանում լինեինք: Կանգ չառանք ու հիմա այստեղ ենք:
Առաջին կանգառը Նանսենի թանգարանում էր: Նրանց դիմավորողների մեջ էին նաև մեծ նորվեգացու անունը կրող դպրոցի սաները՝ ոգեշնչված նանսենյան մարդասիրությամբ:
Նարե Գրիգորյան (Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի աշակերտ) - Բոլոր ժամանակներում նանսեններ պետք են, քանի որ բարությունը գնահատվելու է...
Ակցիան նվիրված է Նանսենի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի և «Նանսենյան անձնագրերի» ստեղծման 100-ամյակներին: Նորվեգացի հեծանվորդները Հայաստան են հասել՝ խաղաղություն ու մարդասիրություն քարոզելով:
Հեյդի Կվամմեն (ճանապարհորդ) - Նաև շրջակա միջավայրի պահպանության պրոպագանդա ենք անում: Եթե շարունակենք հանցավոր անտարբերություն դրսևորել բնության նկատմամբ, չենք կարող խուսափել էկոլոգիական աղետից: Պատերազմական զենքերն էլ մի կողմից են բնապահպանական սպառնալիք ստեղծում: Մենք ո՛չ ենք ասում պատերազմին ու էկոլոգիական աղետին:
Առաջին աշխարհամարտից հետո՝ որպես Ազգերի լիգայի գերագույն կոմիսար, Նանսենը զբաղվել է հայ գաղթականների հայրենադարձության խնդրով. անձամբ է գլխավորել այդ հանձնաժողովը: Բայց հասկանալով, որ Ազգերի լիգան այնքան էլ չի շտապում գաղթականներին հայրենիք վերադարձնել, ինքն է միջոցներ հայթայթել և 7000 հայի տուն վերադարձրել:
Ֆելիքս Բախչինյան («Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տնօրեն) - Աշխարհի տարբեր երկրներում ռումբեր են պայթում, և Նանսենը առաջին մարդասերն էր, որ լինելով մեծ գիտնական, դեմ էր պատերազմներին: Այսօր Նանսենի կարիքը զգացվում է՝ թե՛ «ո՛չ» ասելու պատերազմին, թե՛ օգնելու ռազմագերիներին վերադառնալ իրենց հայրենիք:
Հազարավոր փախստականներ «Նանսենյան անձնագրեր» են ստացել: Իսկ ինքը1922-ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մարդասիրության ու խաղաղասիրության համար:
Մանիկ Հայրապետյան (Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի տնօրեն) - Այդ մրցանակը նա վաճառեց, որ գումարը տրամադրի փախստականներին, որբանոցներին: Դա խոսում է այն մասին, որ նա բոլոր առումներով խաղաղասեր էր, խաղաղասիրություն էր տարածում աշխարհում:
Նույն առաքելությամբ Հեյդին ու Լեյֆը կշրջեն Հայաստանում, կլինեն այն վայրերում, որտեղ եղել է մեծ նորվեգացին: Հեծանվորդ ընկերները մեր երկրում կապրեն 3 ամիս: