Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը: Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին: Միշուստինն ընդգծել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։
«Համոզված ենք, որ ենթակառուցվածքային նոր նախագծերի իրականացումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»,- հավելել է ՌԴ կառավարության ղեկավարը։
Կողմերը նաև նշել են, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է ամբողջ ծավալով օգտագործեն իրենց երկրների աշխարհագրական դիրքը և զարգացնեն տրանսպորտային և տարանցիկ ներուժը։ Միշուստինը տեղեկացրել է, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է Հյուսիս-հարավ միջանցքի արևմտյան երթուղով բեռնափոխադրումների ծավալը հասցնել տարեկան 15 միլիոն տոննայի:
ՇՎԻԴԿՈՅԸ ԵՎ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձել են նաև Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում վստահության ամրապնդման հեռանկարը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը։ Շվիդկոյը վերահաստատել է մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ադրբեջանական համատեղ միջոցառումների իրականացմանն աջակցելու պատրաստակամությունը։
ՓԵԼՈՍԻՆ ԼՔՈՒՄ Է ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՊԱՇՏՈՆԸ
Նենսի Փելոսին հայտարարել է, որ լքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոնը, սակայն կշարունակի աշխատանքը ստորին պալատում:
«Ժամանակն է, որ նոր սերունդը ղեկավարի դեմոկրատների խումբը: Ուրախ եմ, որ շատերն են պատրաստ ստանձնել այդ լուրջ պատասխանատվությունը»,- ասել է նա։
82-ամյա Փելոսին այժմ զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ ԱՄՆ պետական հիերարխիայում երրորդ ամենակարևոր պաշտոնը: Նոյեմբերի 8-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, այնտեղ ձայների մեծամասնությունը ստացել են հանրապետականները: Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը շուտով կզբաղեցնի Հանրապետական կուսակցության ղեկավար Քևին Մըքքարթին։
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՄՆ ՀԱՐԿԵՐՆ ՈՒՂՂՎՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՉ ԱՆԴԱՄ ԵՐԿԻՐ. ԳՐԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ պահանջելով 14 օրվա ընթացքում ներկայացնել Ուկրաինային ամերիկյան աջակցության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր և այլ նյութեր՝ հայտնել է ստորին պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը։ Նրա խոսքով՝ հարկավոր է պարզել՝ ինչու են ամերիկացիների հարկերն ուղղվում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր։
ԱԷՄԳ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որի համաձայն Ուկրաինայում «կեղտոտ միջուկային ռումբի» մշակման ապացույցներ չեն հայտնաբերվել։
Խորհուրդը նաև կոչ է անում Մոսկվային անհապաղ դադարեցնել գործունեությունը Ուկրաինայի միջուկային օբյեկտներում։ Բանաձևի հեղինակները մտահոգություն են հայտնել «Զապորոժիեի ատոմակայանի ուկրաինացի աշխատակիցների վրա ճնշում գործադրելու», ինչպես նաև «կայանի հարակից տարածքների հրետակոծման ու դրա հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման խափանումների» կապակցությամբ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Մոսկվային հրաժարվել Զապորոժիեի ատոմակայանը «ստանալու» անհիմն պահանջներից:
Վիեննայում Ռուսաստանի ներկայացուցչությունից հայտնել են, որ խորհրդի անդամ 35 երկրից 24-ը կողմ են քվեարկել բանաձևին, դեմ են արտահայտվել Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսական կողմը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության բանաձևը ոչ պրոֆեսիոնալ է որակել։
ՊԵՍԿՈՎԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինացիները զրկվում են հոսանքից ռազմական ենթակառուցվածքների թիրախավորման հետևանքով, դա տեղի է ունենում, քանի որ Կիևը չի ցանկանում բանակցել Մոսկվայի հետ:
Այսպես է նա մեկնաբանել նոյեմբերի 15-ին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին Ռուսաստանի զինված ուժերի հասցրած հարվածները, ինչի պատճառով 20 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Եվրամիությունից էլ հայտնել են, որ էլեկտրաէներգիայի խափանումներն Ուկրաինայում հասել են կրիտիկական աստիճանի: