Մոսկվան ողջունում է, որ Շվեդիան հաստատել է «Հյուսիսային հոսքերի» վրա հարձակումների՝ ահաբեկչության վարկածը, կարևոր է գտնել նաև դրանց հետևում կանգնածին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Շվեդիայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած արտակարգ պատահարների հետաքննությունը ցույց է տվել, որ կատարվել է դիվերսիա, պայթյունների պատճառով գազատարների զգալի վնաս է արձանագրվել։
Հարձակումները տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին Եվրոպա ռուսական գազ արտահանող երկու՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների վրա: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառում նպատակային դիվերսիաները։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դեպքի առթիվ միջազգային ահաբեկչության գործ է հարուցել: