Կրթության ոլորտում «Տարվա լավագույնները» պարգևատրվեցին: Մրցույթին ներկայացված 185 հայտից հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ: Ծրագրերը թե՛ անհատական են, թե՛ խմբային:
Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Ակնհայտ ճշմարտություն է, բայց չեմ կարծում, որ բոլորս ընկալում ենք ըստ էության, որ մեր բոլոր խնդիրները, անկախ որ բնագավառից, եթե խորանում ենք, գալիս, հասնում ենք կրթությանը, նախակրթությանը:
Ակտիվությունը, նախաձեռնողականությունն ու նորարարությունը գնահատվում են, ինչպես Անուշ Համբարձումյանի և Տիգրան Ենգիբարյանի դեպքում է: Նրանք, ի դեպ, աշխատում են տարբեր դպրոցներում, համատեղ ծրագրերով մրցույթին մասնակցում չորրորդ, հաղթում երրորդ անգամ ու միանգամից երկու ծրագրով:
Անուշ Համբարձումյան (Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Անցած տարվա «Աշխարհագրությունը կյանք է» ծրագիրը կես միավորով դուրս էր մնացել և այս տարի բավականին՝ 65 թե 67 միավոր էր հավաքել:
Կատարելագործված ու հաղթողների շարք եկած ծրագիրը արդեն 2 տարի իրագործվում է: Անցկացվում է աշխարհագրության հեռավար ուսուցում՝ դպրոցական դասագրքերում չընդգրկված թեմաներով: Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից դասին միացող երեխաները նաև փորձում են Գուգլի թարգմանության օգնությամբ իրենց մասին պատմել ուսումնասիրվող երկրի պետական լեզվով:
Անուշ Համբարձումյան - Օրինակ՝ Չինաստանը երբ որ ներկայացնում էին, չինարեն ներկայացնում էին իրենց, թե իրենք ովքեր են, որ դպրոցն են ներկայացնում, ու էնքան հետաքրքիր էր, որ երեխաները փորձում էին, էդ լեզուն չիմանալով, փոքրիշատե կարողանային արտաբերել այդ լեզվի բառերը:
Գեղանիստի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանն էլ էկոընտանիք ծրագիրն է ներկայացնում: Դրան արդեն 15 դպրոց է միացել:
Տիգրան Ենգիբարյան (Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ) - Նախատեսում ենք հանրապետության տարբեր դպրոցների էկոկրթական ծրագրերը և էկոխմբակները միավորել, ստեղծել մեկ ընդհանուր էկոկրթական համակարգ ՀՀ-ում և նաև տարածաշրջանում ամենամեծ էկոկրթական համակարգը, որտեղ ընդունելության պայմանները և գործունեության պայմանները կլինեն ընդհանուր:
Էկոխմբեր ընդունվելու համար աշակերտներից պահանջվում է նախագծային հետազոտական աշխատանք, իսկ թիմում ընդգրկվելուց հետո նրանց սպասում են հետաքրքիր ուսումնաճանաչողական արշավներ:
Տիգրան Ենգիբարյան - Որոնց շրջանակում լրացուցիչ ուսումնաօժանդակ գործունեություն է իրականացվում, որը նախ՝ մոտիվացնում է աշակերտներին ԲՏՃՄ առարկաների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրասիրություն ցուցաբերել, արշավային ավելի մեծ հմտություններ ունենալ, վերլուծական միտք և, իհարկե, հայրենաճանաչողություն:
Այս երկու նախագծերը հաղթող են ճանաչվել «Ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: «Դպրոցի կառավարման լավագույն ծրագիր» անվանակարգում էլ հաղթողներից մեկը Բերքաշատի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Շահբազյանի նախաձեռնությունն է՝ արտաբյուջեի կառավարման մասին:
Հասմիկ Շահբազյան (Արմավիրի մարզի Բերքաշատ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Դպրոցում ունենք մեծ հողակտոր, որ չէր օգտագործվում, հիմնեցինք տնկարանը, այգիները հիմնեցինք, հիմա մեր տնկիները տնկել ենք, բայց պետք է բերքը վաճառենք, տնկիների մնացորդը վաճառենք, ստեղծենք մեր արտաբյուջեն:
Երեք տարի առաջ, երբ սահմանամերձ այս գյուղի դպրոցի տնօրեն է դարձել, նպատակ է ունեցել այս կերպ շենքը գազիֆիկացնել, որ ջեռուցումը չլինի հոսանքով: Բայց հետո նպատակը փոխվել է՝ գնել տրանսպորտային միջոց՝ ուսուցիչների տեղափոխումն ապահովելու համար:
«Առանց դպրոցում ուսուցչի ներկայության հնարավոր չէ կրթության որակը բարձրացնել»,- ասում է նա:
Հասմիկ Շահբազյան - Ուսուցիչները տեղափոխվում են տեղի երթուղային մեքենայով, որը մեր ժամերի հետ չի համապատասխանում, դրա չվացուցակը ոչ մի կերպ չկարողացանք փոփոխել:
Դպրոցում աշխատող 18 ուսուցիչներից 14-ը, այդ թվում՝ տնօրեն Շահբազյանը, գալիս են այլ բնակավայրերից:
Կրթական հաստատության արտաբյուջեում դեռ գումար չկա: Հաշվարկվել է, որ հաջորդ տարի մոտ 1.5 միլիոն դրամ կունենան, իսկ հինգ տարի հետո՝ գոնե 7 տեղանոց մեքենա:
«Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող են ճանաչվել նաև նախադպրոցական կրթության վերաբերյալ ծրագրեր ներկայացրած մանկավարժները՝ համապատասխան անվանակարգերում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան