84 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բժիշկ, գիտնական, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Մի քանի տարի անց բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: 1977 թ. Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը, 1989-1990 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը. ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:
Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):
Պրոֆեսոր Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն: