Խորհրդային տարիներին Հայաստանում ծնված և 90-ականներին երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստան վերադառնալիս քաղաքացիություն ստանալու համար խնդիրներ են ունենում: Հարցը կարգավորելու նպատակով Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը քաղաքացիության մասին օրենքում փոփոխությունների առաջարկ է ներկայացրել: Ըստ այդմ՝ մինչև 1995 թվականը Հայաստանից հեռացած ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ, ինչպես ազգությամբ հայերի պարագայում է:
Ռուստամ Բաքոյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ) - ինձ հարյուրավոր եզդիներ են դիմել այս խնդիրը լուծելու համար: Այս խնդիրը սրացել է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, դրանից առաջ էլ եմ ես երեք տարի այս հարցով զբաղվել: Ինձ դիմել են և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում բնակվող ազգակիցները: Գործող օրենսդրությամբ, Հայաստանում ծնված, բայց ժամանակին երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Հայաստանի քաղաքացիություն ստանում են նույն ընթացակարգով, ինչ բոլոր օտարերկրացիները:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Իսկ ո՞րն է այդ ցենզերը, նրանք պետք է մշտական բնակություն հաստատեն Հայաստանում, և երեք տարի օրինական կարգով բնակվեն ՀՀ-ում, այնուհետև պետք է հանձնեն ՀՀ սահմանադրությանը ծանոթ լինելու մասին քննություն: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, պատգամավորների, ազգային անվտանգության ու միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ խորհրդարանում այս հարցով երկու անգամ աշխատանքային քննարկում է եղել: Եզդիներից բացի խնդրով նաև մոլոկաններն են հետաքրքրվում:
Ռուստամ Բաքոյան - Շատ մոլոկաններ էլ դիմել են իմ գործընկերոջը՝ պատգամավոր Սանդիկովին, այս խնդիրը լուծելու համար: Մեր հայերի պարագայում կարողանում են ստանալ, բայց քանի որ եզդիների հայրենիքն էլ է Հայաստանի Հանրապետությունը, կարծում եմ՝ այս խնդիրը պետք է լուծվի, հնարավորություն տրվի ազգային փոքրամասնություններին: Անձնագրային և վիզաների վարչությունն այս պահին ազգային փոքրամասնությունների դիմումների հստակ վիճակագրություն չունի, ունի ազգությամբ հայերինը: Դիմումատուները 95-ն են, որոնք ազգության հիմքով դիմել են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Այս պահին դիմումների քանակը 20 500-ից անցել է, մոտ է 21 000-ին, իսկ արդեն քաղաքացիություն ստացած քաղաքացիները 15 500 են:
ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ, լրացումներ կատարելու հարցը առաջիկայում կքննարկվի խորհրդարանում: Բաքոյանն առաջարկում է նաև «ազգային փոքրամասնություն» հասկացությունը սահմանել օրենքով, ինչը հնարավորություն կտա համակողմանի կարգավորել ոլորտը: