ԻՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Հայտնաբերվել է նոյեմբերի 16-ին Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքում ահաբեկչություն իրականացրած երեք տղամարդ: Նրանք փորձել են փախուստի դիմել, սակայն ձերբակալվել են Իրան-Ադրբեջան սահմանին՝ տեղեկացրել է Իրանի փոխնախագահ Մոհսենա Ռեզաին։ Նրա խոսքով՝ Իրանի թշնամիներին չի հաջողվել արդյունքի հասնել ապօրինի պատժամիջոցներով, ուստի այժմ երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու փորձեր են արվում:
Վերջին տվյալով՝ Խուզիստանում ահաբեկիչների կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ, կա 10-ից ավելի վիրավոր:
ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՍՏԱՑՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻՑ. ՍՈՅԼՈՒ
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ստամբուլում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության հրամանը ստացվել է Սիրիայի Մանբիջ քաղաքից: Սուլեյման Սոյլուի խոսքով՝ Մանբիջում տեղակայված են ամերիկյան ուժեր, ինչպես նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչներ: Հենց նրանք էլ մեղավոր են Ստամբուլում ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ ավելի քան 80 մարդ: Բերման է ենթարկվել շուրջ 50 կասկածյալ:
Սոյլուն նաև մեղադրել է ԱՄՆ Սենատին, որը, նախարարի համոզմամբ, վերջին 3 տարում 2 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ստամբուլյան ահաբեկչությանը, չէր բացառել առաջիկայում Սիրիայում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԲԱՑԻ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն ստեղծելու մասին» օրենքի նախագիծը։ Դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի Թել Ավիվում։ Այս որոշումը երկար տարիներ հետաձգվում էր, այդ թվում՝ պայմանավորված իրանական գործոնով:
Խորհրդարանը հավանություն է տվել ներկայացուցչությունների բացմանը նաև Ալբանիայում, Քենիայում և Պաղեստինում։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում կառուցողական մոտեցման, ինչպես նաև Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու առաջարկի համար:
Թուրքիայի ղեկավարը նաև ողջունել է նոյեմբերի 14-ին Անկարայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետախուզության ծառայությունների ղեկավարների բանակցությունները։ Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կօգնի խուսափելու հետագա էսկալացիայից: Էրդողանը նաև կոչ է արել վերականգնել ռուս-ուկրաինական բանակցությունները:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԴԻՎԵՐՍԻԱ Է. ՇՎԵԴԻԱ
«Հյուսիսային հոսքի» գազատարներում սեպտեմբերի վերջին գրանցված պայթյունը դիվերսիա է՝ հայտարարել են Շվեդիայի անվտանգության ծառայությունից: Հետաքննությունը դեռ շարունակվում է:
«Բալթիկ ծովում հանցագործության վայրի ուսումնասիրության արդյունքում բազմաթիվ ապացույցներ են ստացվել, պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել: Նախաքննության նպատակն է հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք միջադեպի համար ինչ-որ մեկին մեղադրանքներ ներկայացնել»,- ասված է հայտարարության մեջ։
Պայթյուններից հետո Արևմուտքը դիվերսիայի համար մեղադրել է Մոսկվային, ռուսական կողմը, սակայն, հերքում է բոլոր մեղադրանքները, նշելով՝ տեղի ունեցածը մեծ խնդիր է նաև Ռուսաստանի համար, քանի որ զրկվել են Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունից:
«Հյուսիսային հոսքերի այս միջադեպը կարող է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական աղետի հետևանք դառնալ։ Մթնոլորտ է արտանետվել արդեն մոտ 300 հազար տոննա մեթան։