Կադրում իր մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու հերթական դեպքն է: Ո՞րն է եղել ագրեսիայի պատճառը: «Մուրացան բժշկական կենտրոնից տեղեկացնում են՝ օրերս քաղաքացին երեխային բերել էր հետազոտության: Երեխային հետազոտելու ժամանակ բժշկուհին խնդրել է երեխայի հորը պատգարակից հեռու կանգնել: Դրանից վրդովված քաղաքացին հարվածել է իր մասնագիտական պարտքը կատարող բժշկին: Դեպքից 3 ժամ անց, իրավապահների հավաստմամբ, քաղաքացին մի խումբ անձանց հետ հարձակվել է բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին։
35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գևորգ Սիմոնյան (Երևանի փոխքաղաքապետ) - Իրավիճակն ավելի ծանրացուցիչ ա դարձնում, որ մանկական հիվանդանոցում ա, բժիշկը միաժամանակ մի քանի երեխաների առողջության կամ կյանքի համար ա պայքարում, ու մի քանի երեխայի առողջական պրոցես ա խաթարվում:
Դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում դատապարտեց տեղի ունեցածը, նշեց, որ ակնկալում է իրավաչափ պատասխան։
Անահիտ Ավանեսյան (առողջապահության նախարար) - Մենք ցավոք սրտի ականատես ենք լինում, որ ժամանակ առ ժամանակ այս բռնության արտահայտումը բժիշկների նկատմամբ տեղ է գտնում մեր երկրում, ինչը անընդունելի է, և սա մեր մասնագիտական պարտքը կատարող անձանց պաշտպանությունը պետք է առաջնային լինի նաև իրավապահ մարմինների կողմից:
Նախկին Քրեական օրենսգրքում կար հոդված, համաձայն որի բուժաշխատողի նկատմամբ կյանքի կամ առողջության համար բռնություն գործադրելը, սպառնալը պատժվում է կալանքով` 1-2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Նոր օրենսգիրքը բժշկին պաշտպանելու հոդված չունի:
Ի դեպ, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո արձանագրված դեպքերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկություններ չունի, քանի որ ներկայումս գործող Քրեական օրենսգրքում բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ առանձին հոդված նախատեսված չէ։
Ըստ Գևորգ Սիմոնյանի՝ եթե բռնության դեպք է արձանագրվում, դրա դեմ պայքարի լավագույն ձևերից մեկը խնդրի բարձրաձայնումն է ու հետևողականությունը՝ ասում է Գևորգ Սիմոնյանը: Շատ դեպքերում բժիշկները ավելորդ խնդիրներից խուսափելու համար գործին ընթացք տալ չեն ցանկանում, ինչն էլ քաղաքացիների մոտ արարքի համար անպատժելիության զգացողություն է առաջացնում:
Գևորգ Սիմոնյան - Մի դեպքում հարազատները ալկոհոլի ազդեցության տակ են, մյուս դեպքում՝ էմոցիոնալ պոռթկման ազդեցության տակ են: Բժիշկները գալիս են, իրենց մասնագիտական ծանր աշխատանքն են կատարում ու մի հատ էլ բռնության են բախվում: Որպես կանոն՝ նման իրավիճակներում մենք տնօրինությանը հորդորում ենք, որ մինչև վերջ բողոքեն ու հաշտության չգնան նման դեպքերի ժամանակ, որպեսզի հանցանքը, պատիժը ստանան:
Միևնույն ժամանակ ոստիկանությունը տրամադրել է 2020 թվականից այս տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, երբ դեռ նախկին Քրեական օրենսգրքում բուժաշխատողի նկատմամբ ուժի կիրառումը որպես քրեորեն հետապնդելի արարք սահմանված էր առանձին հոդվածով: Նշված ժամանակահատվածում բժիշկների նկատմամբ ուժի կիրառման 4 դեպք է արձանագրվել: 2 անձ այդ գործերով ունեն մեղադրյալի կարգավիճակ, իսկ թե քանիսն են նրանցից դատապարտվել՝ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում տեղեկություններ չկան: