Ներկայում սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման տարբեր փուլեր են ընթանում: Մասնավորապես, անձի հաշմանդամության կարգը որոշող համակարգ է ներդրվում, որը ոչ միայն ամբողջապես փոխակերպում է հաշմանդամության կարգի որոշման մեխանիզմը, այլև թույլ է տալիս այդ գործընթացներն իրականացնել թափանցիկ, արագ և մատչելի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը:
Նրա խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի թվային գործիքները բազմաթիվ են, դրանք նախկինում եղել են հիմնականում ներքին համակարգերի մակարդակով, այժմ լայնածավալ գործունեություն է իրականացվում, որպեսզի այդ հարթակների հասանելիությունն ընդլայնվի, և քաղաքացիները օնլայն դիմումների համակարգի միջոցով ցանկացած վայրից ցանկացած պահին կարողանան իրենց կարիքները հայտնել նախարարությանը և մասնակցել կառավարության ծրագրերին:
Նախարարությունը թվային փոխակերպումների միջոցով տվյալահենք որոշումների կայացման ռազմավարություն է իրականացնում:
«Քաղաքացին այլևս պարտավոր չէ անձամբ մոտենալ որևէ գրասենյակ և իր հետ տանել մի շարք թղթեր` ապացուցելու իր կարգավիճակը: Օնլայն դիմումների հարթակի միջոցով պետությունն արդեն տեղեկատվություն ունի քաղաքացու մասին: Քաղաքացին միայն օնլայն դիմումի միջոցով հնարավորություն է ունենում դիմել պետությանը և նշելով իր անձը հաստատող փաստաթղթի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, մնացած տեղեկատվության մասին բաց տվյալների մշակման միջոցով՝ ստանալ անհրաժեշտ լուծում կամ պատասխան»,- ասաց Պարզյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր գործընկեր դոնոր կառույցների հետ ստեղծել է սոցիալական աջակցության քարտեզ, որը հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերող կազմակերպություններին իրենց կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը մուտք անել այդ քարտեզում: Socservice կայքում յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ՀՀ ո՛ր հատվածում աջակցության ինչպիսի նախաձեռնություններ կան, և ինչ են դրանք առաջարկում:
«Մենք ունենք օնլայն դիմումների հարթակներ, որտեղ օրական մինչև 5000 դիմում է ստացվում: Գործիքակազմից հեշտ օգտվելու համար նախարարությունը տեսահոլովակներ է հրապարակում, որը քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես լրացնել դիմումը: Գործում է նաև նախարարության թեժ գիծը»,- հավելեց բանախոսը:
Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, հետագայում մաս է կազմելու միասնական թվային լուծման, որը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կտա:
Հեղինակ՝ Օֆելյա Արսենյան