Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերին կսկսի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործով քննությունը: Դատախազությունը պահանջում է Օհանյանից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 1 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույք՝ 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին: Բռնագանձման են ենթակա նաև մոտ 1 մլրդ դրամական միջոցներ:
Գևորգ Քոչարյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ) - Պարզված ապօրինի ծագում ունեցող գույքի ծավալը վարչության վարույթում գտնվող այլ անձանց վերաբերյալ բազմաթիվ այլ վարույթներով պարզված գույքերի ծավալի համեմատությամբ բավականին համեստ է, այնուամենայնիվ, մշտական պետական պաշտոնյա հանդիսացած և երբևէ ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղված անձի դեպքում դժվար է ողջամիտ բացատրություն գտնել՝ պաշտոնավարման ընթացում 1 մլն դոլարի չափով ավանդ ունենալու հանգամանքին: Անգամ եթե կա բացատրություն, չի ներկայացվել:
Օհանյանին պատկանող գույքերի նկատմամբ արգելանք է կիրառվել: Պաշտպանության նախկին նախարարն ու շահագրգիռ մի քանի անձինք, ըստ Գևորգ Քոչարյանի, հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության նյութերին ծանոթանալու, դիրքորոշում արտահայտելու համար: Նրանք ներկայացել են, բայց որևէ դիրքորոշում ու փաստաթուղթ իրավապահ կառույցին չեն ներկայացրել: Դատախազություն է ներկայացել նաև Վահագնի թաղամասի առանձնատան գրանցված սեփականատեր Ֆրանսիայի քաղաքացին: Նրա արտահայտած դիրքորոշումն ու գույքն իրեն պատկանելու մասին հիմնավորումները դատախազությունը արժանահավատ չի համարել:
Գևորգ Քոչարյան - Գույքը ի սկզբանե ձեռք է բերվել Սեյրան Օհանյանի կնոջ քրոջ աղջկա անունով, մի քանի տարի անց նվիրատվությամբ փոխանցվել է Ֆրանսիայի քաղաքացուն, և առայսօր այդ գույքը կադաստրով գրանցված է այդ անձի անվամբ: Արժանահավատ բացատրություն այդպես էլ չի ներկայացվել, թե, օրինակ, ըստ իր նշած տվյալների, ավելի քան 2,5 մլն եվրո գումարը ինչպես է բերել Հայաստան, ներդրել գույքի կառուցման, շինարարության մեջ: Ուստի դատախազության դիրքորոշումն այդ գույքի առնչությամբ մնացել է նույնը: Գտնում ենք, որ դա պատկանում է պարոն Օհանյանին:
Առանձնատան մոտավոր արժեքը, ըստ դատախազի, տատանվում է 2-3 մլն դոլարի շրջանակում: Արժեքը որոշվել է՝ ըստ տեղակայման վայրի ու ծավալի, և Քոչարյանի խոսքով՝ տան իրական գինը կարող է ավելի բարձր լինել: Դատախազության տվյալով՝ 1992-2021-ը Օհանյանի աշխատավարձի, կենսաթոշակի հանրագումարը կազմել է մոտ 124 մլն դրամ, մինչդեռ ենթադրյալ ապօրինի միջոցները մոտ 2 մլրդ դրամ են:
Գևորգ Քոչարյան - Հաշվի առնելով, որ պարոն Օհանյանը մշտապես հանդիսացել է պետական պաշտոնյա, զինվորական, բոլոր գույքերն էլ պաշտոնավարման ընթացքում են ձեռք բերվել:
Դատախազության ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել «Ձորա ՀԷԿ» ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ 2019-ին հարուցված քրեական գործը, որով Սեյրան Օհանյանը ներգրավված է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է։
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - «Ձորա ՀԷԿ» ընկերության պետության կողմից օրինական իրականացված խոշոր գործարք վաճառքի շնորհիվ է, որի մասնակցությունը ՊՆ ֆորմալ է, որովհետև էներգետիկայի նախարարությունն է իրականացրել գնորդի ընտրությունը, տեղում ցույց տվել, ՊՆ-ն կապ չունի, մեղավոր չեմ զգում, չնայած մեղադրանք է առաջադրվել:
Դատախազության պահանջի՝ բռնագանձման ենթակա ապօրինի գույքի վերաբերյալ կոնկրետ հարցին Սեյրան Օհանյանը չցանկացավ պատասխանել: