STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության և կրթության ոլորտների վրա. Կառավարությունն ու STARMUS-ի թիմն ամփոփել են միջազգային փառատոնի արդյունքները, արձանագրել՝ առաջատար բուհերի հետ համագործակցության բազմաթիվ հուշագրեր են ստորագրվել: STARMUS-ի ճամբարն ունեցել է ավելի քան 80.000 դպրոցական այցելու:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Մենք այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների, Նոբելյան 7 մրցանակակիրների, ովքեր օրեր շարունակ հյուրընկալվեցին բուհերում, դասախոսություններով հանդես եկան, շքեղ միջոցառումներ իրականացրեցինք մարզահամերգային համալիրում: Մեր առջև դրված խնդիրները լուծեցինք:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ միջոցառմանը պատրաստվել են շուրջ 3 տարի, արել հնարավորը, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծանա, և ավելի շատ մարդիկ ձգտեն գիտությամբ զբաղվել: Ըստ պատասխանատուների՝ բավականին հագեցած ծրագիր կազմակերպելը շատ բարդ է եղել: STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գնահատմամբ էլ՝ Starmus-ի պատմության մեջ ամենալավ, դինամիկ աշխատող ու ոգեշնչված թիմը եղել է հենց Հայաստանում:
Գարիկ Իսրայելյան (STARMUS փառատոնի համահիմնադիր) - Էդ անջրպետը գիտության ու ժողովրդի միջև՝ դա անպայման պետք ա լցնել: Ոչ մի գիտնական չի կարող իր աշխատասենյակում փակվի, ասի քվանտային դինամիկայով եմ զբաղվում, դուք չեք հասկանում, ինձ ֆինանսավորեք: Ինքը պարտավոր ա բացատրել, թե դա ինչի համար է պետք, ու դա պետք ա բացատրվի դպրոցականներին, ուսանողներին, ժողովրդին:
«Սթարմուս» միջազգային փառատոնը, որ կրում էր «50 տարի Մարսի վրա» խորագիրը, Հայաստանում անցկացվեց սեպտեմբերին: Ավելի քան 15 օր շուրջ 200 մասշտաբային միջոցառում է անցկացվել, որոնց մասնակցել են աշխարհահռչակ գիտնականներ Բրայան Մեյը, Ալեքսեյ Լեոնովը, ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնը, գրող Դայան Աքերմանը: