Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է սեպտեմբերի 5-10-ը Երևանում անցկացված STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:
Ասուլիսին մասնակցել է նաև աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանը:
Ամփոփելով գիտական փառատոնի արդյունքները՝ ասուլիսի բանախոսներն արձանագրել են, որ Երևանում և այլ քաղաքներում ու համայնքներում 200-ից ավելի մասշտաբային միջոցառումների անցկացումը՝ համերգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր, էքսպոներ, մշակութային այցեր, ինչպես նաև դրանց արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձառությունը բարձրակարգ գիտական բովանդակության ամբողջ պահանջարկի բացահայտման և երիտասարդությանը գիտությանը մոտեցնելու հիմք են հանդիսանալու:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նպատակները, որոնք դրվել են միջոցառման նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իրականացվել են, և կրթական, գիտական, մշակութային առումով չափազանց կարևոր արդյունքներ են ձեռք բերվել: «Հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել STARMUS փառատոնի մեր գործընկերներին, անձամբ՝ Գարիկ Իսրայելյանին այս փառատոնը Հայաստան բերելու և Հայաստանի տեսանելիությունն այս ուղղություններով մեծացնելու համար: Չեմ հոգնի կրկնել, որ STARMUS-ն ավելի երկարատև և որակյալ ազդեցություն է ունենալու գիտության, մշակույթի, կրթության ոլորտների վրա, քանի որ մենք այստեղ հյուրընկալեցինք տասնյակ անվանի գիտնականների, յոթ Նոբելյան մրցանակակիրների, որոնք օրեր շարունակ այցելեցին բուհեր, դասախոսություններով և շքեղ միջոցառումներով հանդես եկան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես ասացի, մեր առջև դրված խնդիրներն այսպիսով լուծվել են»,- ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը և Գարիկ Իսրայելյանը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են փառատոնի շրջանակում անցկացված միջոցառումներին, Հայաստանում նմանատիպ այլ միջոցառումների անցկացման հնարավորությանը և գիտության ոլորտում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող այլ ծրագրերի: