190 միլիոն դրամի փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում. Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքներն են: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև 2012-2016 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը և «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Մարթա Սիմոնյանը:
Ըստ մեղադրանքի՝ 2015-16 թվականներին կատարվել է 40 միլիոն դրամի վատնում, որը վերաբերում է Բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին. համալսարանը և արհեստակցական կազմակերպությունը շուկայականից բարձր գնով ձեռք են բերել Գեղարքունիքում գործող «Նավասար» ընկերությանը պատկանողը «Ծովասար» հյուրանոցի սենյակներ ու սպորտային դահլիճ:
Հյուրանոցը, ի դեպ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին է պատկանում:
Սամվել Հակոբյան (Դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - Հիմնադրամի և կազմակերպության նախագահի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը չի ներկայացվել խորհրդի հաստատմանը, և դրա հիման վրա կազմակերպությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Այնուհետև համալսարանը, բանավոր պայմանավորվածությամբ, առանց գնումների մասին օրենքով նախատեսված ընթացակարգը պահպանելու, «Նավասարից» ձեռք է բերել 2 անշարժ գույք: Դատախազի խոսքով՝ բացի այդ երկուսից, «Հերացի» կազմակերպությունն էլ, իր հերթին, «Նավասար» ընկերությունից ձեռք է բերել 5 անշարժ գույք՝ շուկայականից բարձր գնով: Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն այդ ժամանակ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր, որն ըստ մեղադրանքի՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
Սամվել Հակոբյան - հիմնադրամը զրկվել է իր հայեցողությամբ իրեն պատկանող շուրջ 190 միլիոն դրամը տնօրինելու և օգտագործելու իրավունքից:
Քննությունը պարզել է, որ Աշոտյանը հետագայում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 190 մլն-ը:
Սամվել Հակոբյան - Այն փոխանցելով իր հետ առնչություն ունեցող՝ Գեղարքունիքի մարզում գործող վերը նշված ընկերությանը:
Սամվել Հակոբյանի խոսքով՝ 190 միլիոն դրամը Աշոտյանը փոխարկել է գույքի՝ այդ կերպ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրա հանցավոր ծագումը:
Ըստ մեղադրանքի՝ 2017-ին էլ Արմեն Աշոտյանի և «Նավասար» ընկերության տնօրենի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ իր բաժնետեր լինելու հանգամանքը թաքցնելու վերաբերյալ:
Սամվել Հակոբյան - Քողարկելու նպատակով, «Նավասար» ընկերության 50 տոկոսի բաժնետեր է գրանցվել նրա մտերիմ անձը և նրա վարորդը, որը հետագայում շուրջ 240 միլիոն դրամի շինծու պարտավորագիր է կնքել նույն ընկերության հետ, որը հետագայում կյանքի չի կոչվել:
Արմեն Աշտոյանը մեղադրանքը չի ընդունում: «Լուրերի» հետ հեռախոսազրույցում նախկին պաշտոնյան նշեց, որ իր մեղադրանքը շինծու է և զավեշտալի՝ այն քաղաքական պատվեր որակելով Նիկոլ Փաշինյանի կողմից: Հորդորեց իրավական գնահատականի համար դիմել իր պաշտպան Տիգրան Աթանեսյանին, որն էլ իր հերթին հրաժարվեց Հանրային հեռուստաընկերությանը մեկնաբանություն տալուց: Մեղադրանքի մասին խոսել չցանկացավ նաև գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանը: Իսկ Մարթա Սիմոնյանի պաշտպան Էմին Բեգլարյանը նշեց՝ մեղադրանքը չեն ընդունում, դիրքորոշում չեն հայտնում:
Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, Նարիմանյանի նկատմամբ կիրառվել է գրավ՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Իսկ Մարթա Սիմոնյանին չկալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան