Սահմանադրական դատարանի նախագահ Արման
Դիլանյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական
հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում
են, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ
ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի հետ
համագործակցությունը, ինչը լավագույնս բնութագրում է հայ-ֆրանսիական
առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը: Սահմանադրական
դատարանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության
դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և
անհապաղ արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ
ս.թ. սեպտեմբերի 13-14-ը սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված
իրավիճակի հարցում՝ շեշտելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ,
միանշանակ ու հասցեական դատապարտումը:
Շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի նախագահին բարձր
գնահատականի ու ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան
մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և
պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը նաև դատաիրավական
ոլորտում: Այս առումով դեսպան Լույոն ողջունել է Սահմանադրական դատարանի
հանձնառությունը՝ զարգացնելու կապերը Ֆրանսիայի Հանրապետության
սահմանադրական խորհրդի և Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների
ընկերակցության հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ
իրավական հարաբերությունների օրակարգը և իրավունքի գերակայության ոլորտում
համագործության հեռանկարները: Հյուրերի խնդրանքով Արման Դիլանյանը
ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ
բարեփոխումների ընթացքը: Դեսպան Լույոն հայտնել է ֆրանսիական կողմի լիարժեք
աջակցությունը Բարձր դատարանի նախաձեռնած բարեփոխումներին և հաստատել է
ֆրանսիական կողմի հանձնառությունը՝ աջակցելու դրանց անխափան ընթացքին: