ԿՆԵՐԴՐՎԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
2023-ից Հայաստանում փուլային տարբերակով կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Երկրի գլխավոր ֆինանսիստը նշեց, որ 2023-ին հայտարարատու կհամարվեն համայնքային կամ հանրային պաշտոն զբաղեցնող քաղաքացիները, նաև անձինք, որոնք բաժնետեր են կազմակերպությունում, որի եկամուտները 2022-ի արդյունքով գերազանցել են 1 միլիարդ դրամը: Հայտարարատու կլինեն նաև 2023-ին 20 միլիոն դրամը գերազանցող վարկեր և փոխառություններ ստացած քաղաքացիները:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Մյուս խումբն այն քաղաքացիներն են, ովքեր 2023-ի դրությամբ հիփոթեքի սպասարկման գծով հարկի փոխհատուցում ստացողներ են: Վերջին խումբը, որ եկամուտներ են ստացել արտերկրից: 2024-ի արդյունքով, որոնք մինչև 2025-ի ապրիլի 20-ը պետք է ներկայացնեն հայտարարագիր, նրանք են, որ առաջին խմբում չեն, բայց վարձու աշխատող են, մասնավոր են կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն:
2025-ին համակարգում ներառված կլինեն բոլոր հայտարարատուները: Անձը նույնականացման տվյալով մուտք կգործի հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, կստուգի նախալրացված հայտարարագիրը, որը կարող է փոխել կամ լրացնել: Համակարգի ներդրումը վարչապետը համարեց կարևոր քայլ, ասաց՝ այդ տրամաբանությունը բխում է գաղափարական արձանագրումից, որ պետությունը կարող է հարատևել միայն քաղաքացիների կամքի առկայությամբ, հիշեցրեց անշարժ գույքի հարկի հետ կապված օրենքը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Անշարժ գույքի հարկի հետ կապված կար շեմ, որից ներքև գույքահարկ չէր վճարվում: Քաղաքական որոշում կայացրինք. եթե մարդու գույքահարկը տարեկան 100 դրամ է, դա թող վճարի և պետք է վճարի: Դա իր կյանքը չի վատացնի, բյուջեին չի տա, բայց դա արտահայտություն է լինելու պետություն ունենալու քաղաքացու կամքի: Ստեղծելու է կապ, որ ունեմ պետություն, որն ունի պարտավորություն, ես ևս ունեմ պարտավորություն, իրավունքներ: Սա խոր և համապարփակ որոշում է:
Վարչապետը հորդորեց ներդրվող բարդ համակարգը հնարավորինս լավ նախագծել: ՊԵԿ նախագահի խոսքով ռեզիդենտ քաղաքացիների հայտարարագրերը լինելու են գաղտնի, պաշտպանվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգային համակարգերով:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Նախատեսում ենք հետագայում հարկային մարմնի սպասարկման սրահները, որոնք հարկային մարմնի թվայնացումից հետո գործառույթների մեծ մասը կորցրել են, կարող են դառնալ հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են թե՛ խորհրադկցել, թե՛ ինքնաշխատ հայտարարգրերի հաստատումն իրականացնել:
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՆՈՐՈԳՎԻ ԵՎ ԿԿԱՌՈՒՑՎԻ 640 ԿՄ ՃԱՆԱՊԱՐՀ
Գործադիրը 1 մլրդ 235 մլն դրամ հատկացրեց կենսական նշանակության ճանապարհային ցանցի, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն 51 կմ հատվածի, Հյուսիս-հարավի՝ Թալին-Լանջիկ ճանապարհային ծրագրերին: Մինչև տարեվերջ Հայաստանում կհիմնանորոգվի, կնորոգվի, կկառուցվի 640 կմ ճանապարհ՝ գերազանցելով ամեն տարի 500 կմ ճանապարհ կառուցել-վերակառուցելու Կառավարության սահմանած նշաձողը: Ավելի քան 140 կմ-ը սուբվենցիայով իրականացվող ներհամայնքային ճանապարհային ծրագրերն են:
Նիկոլ Փաշինյան - Մենք այդ ճանապարհների ցանկը ունենք և անհրաժեշտության դեպքում կարո՞ղ ենք հրապարկել:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այո, ունենք, որոնք են՝ անգամ դա ունենք: Ենթադրենք՝ նախատեսված էր 10 կմ ասֆալտապատել, 8,7-ն ենք ասֆալտապատել: 500 կմ-ը այդպես են հայտարարել, այդ թիվը եղանակներից կախված կավելանա:
Այդ ճանապարհները գրեթե ամբողջությամբ ասֆալտապատ են՝ ի պատասխան վարչապետի հարցի՝ նշեց նախարարը:
Գնել Սանոսյան - Բացի երկուսից, բայց դրանք 500 կմ-ից ավելի մեջ են: Շուռնուխ և Բարձրավան գնացող ճանապարհներն են: Ձեր հանձնարարությամբ այդ ճանապարհները ամեն ինչով նման են մյուս ճանապարհներին՝ ջրահեռացում, ճանապարհային նշաններ, հենապատեր և այլն, միայն վերջին ասֆալտապատ շերտը չկա: Ունենք 520 կմ ճանապարհ՝ առանց այս երկուսի:
Վարչապետը նկատեց՝ ընթացքում են ճանապարհաշինական խոշոր ծրագրեր, ընդգծեց հատկապես Տաթև-Լծեն-Շամբ-Նորավան ճանապարհի նշանակությունը: Նախարարը տեղեկացրեց՝ Տաթև-Լծեն-ի 20 կմ-ից 17,8-ը ասֆալտապատ է:
Նիկոլ Փաշինյան - Պետք է ամեն ինչ անել, որ բեռնատարները ձմռանը՝ դեպի ԻԻՀ և այնտեղից եկող, այդ ճանապարհով երթևեկել: Տաթևի ոլորանները շրջանցեն, միանգամից միանում են մայրուղուն: Կարևոր է, որ ջանքերը գործադրենք: Այս տարի կարողանո՞ւմ ենք այդ խնդիրը լուծել:
Գնել Սանոսյան - Եթե Տաթև-Շամբում կարողանանք ասֆալտապատել, այո:
Նիկոլ Փաշինյան - Շատ լավ, պետք է ամեն ինչ անել, որ լուծվի:
3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Աջափնյակի 4-րդ կարգի վթարային 2 շենքի տեղում նորը կկառուցվի: Կառավարությունը լիազորեց սկսել գործընթացը, որը համակարգում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա՝ Երևանում կան 13 բազմաբնակարան 4-րդ, 100-ից ավելի՝ 3-րդ կարգի վթարային շենքեր:
Տիգրան Ավիանյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Հիմնականում խոշոր կառուցապառողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում, որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ՝ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել:
Առաջարկվում է նաև այդ ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը, նրանց հետ պայմանավորվել, մասնավորապես՝ կառուցվող շենքում կամ այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշեց, որ դրանով ներդրումային երաշխիք է ապահովվում:
Նիկոլ Փաշինյան - Բազմաբնակարան շենք է, ենթադրենք՝ այդ շենքում ապրում է 50 ընտանիք: Ներդրողը կարող է 49 ընտանիքի հետ պայմանավորվել, 50-րդ ընտանիքը, արդեն իմանալով, որ մյուսների հետ բոլոր հարցերը լուծված են, տեսականորեն այնպիսի գերագնահատված, չափազանցված պահանջներ ներկայացնել, որ ամբողջ գործընթացը կանգնի: Կստացվի, որ ներդրողն այն 49 ընտանիքներին ինչ-որ գումարներ վճարելով կամ նրանց համար ինչ-որ պայմաններ ապահովելով՝ հնարավորություն չունի ներդրում անել: Այսինքն՝ մենք այստեղ պետք է որոշակի սոցիալական երաշխիքներ ստեղծենք, բալանսավորված, որպեսզի և՛ քաղաքացու իրավունքը պահպանվի, և՛ ներդրողի:
Ավինյանի խոսքով՝ 3-րդ կարգի վթարային շենքերի հետ կապված՝ կնախաձեռնվեն առավել մեծ և համալիր ծրագրեր: Վարչապետի դիտարկմամբ՝ վթարային շենքերում ապրելը սպառնալիք է բոլորի համար, այդ պատճառով անհրաժեշտ է հարցերն արագ լուծել: Պետք է ամեն ինչ անել քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանելու համար:
Փաշինյանը շեշտեց, որ գործընթացի հաջող մեկնարկի դեպքում կարելի է ասել՝ վթարայինների խնդրի լուծման մեխանիզմը գտնվել է Երևանում, ապա նաև՝ հանրապետությունում:
Նիկոլ Փաշինյան - Պետք է առաջին քայլը հնարավորինս լավ նախագծել, պոզիտիվ մթոնոլրտ ստեղծել, որ ոչ թե մտածենք՝ որտեղ լարվածություն կլինի, այլ շնորհավորել մարդկանց, որ բնակարանամուտի հիմքը դրեցինք:
Վթարային շենքերի հարցը լուծելով՝ հնարավոր է կանխել հետագա ողբերգությունները. նշվեց նիստի ընթացքում: Վարչապետն այս համատեքստում անդրադարձավ «Սուրմալուի» պայթյունին, հայտարարեց՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի ղեկավարների պաշտոնանկությունները կապված են դրա հետ։
Նիկոլ Փաշինյան - Կառավարությունը, երբ ցանկանում է հարց լուծել, ասում են՝ բա էս մարդիկ երկու կոպեկ են աշխատում, լավ, ոչինչ, մի հատ սալյուտ են վաճառում, թող վաճառեն։ Երբ իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել: Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ՝ գույքագրեք ու բացառեք որևէ հնարավորություն, որ ՀՀ-ում նման բան չկրկնվի: Այդ հանձնարարականից ուղիղ երկու տարի հետո տեղի է ունենում «Սուրմալու»-ի պայթյունը:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ
Փոխքաղաքապետ Ավինյանն անդրադարձավ նաև Երևանում կրթական ենթակառուցվածքների խնդրին: Վարչապետը դա համարեց համակարգային խնդիր և հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները ջանքեր կգործադրեն Երևանում սեփականաշնորհված մանկապարտեզները վերադարձնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Այդ ժամանակ Կառավարությունն էլ կաջակցի Երևանի քաղաքապետարանին, որ մանկապարտեզները վերադարձվեն, ենթակառուցվածքը զարգանա: Լուրերը, որ սեփականաշնորհվել են, իրականություն են, աշխատենք անիվը հետ պտտել: Մանկապարտեզները կենտրոնում են գրավիչ եղել, պարզ է, որ այդ խնդիրները այդ գործիքի կիրառմամբ են լուծել:
Գործադիրը 500 000 դրամ կտրամադրի սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ վիրավորված կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին: