Ռազմական բժիշկներին հաջողվեց փրկել նոյեմբերի 10-ին հակառակորդի գնդակից ծանր վիրավորված ժամկետային զինծառայողի կյանքը: Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ դա հնարավոր եղավ նաև մարտական դիրք մեկնած բուժակի օպերատիվ արձագանքի ու ճիշտ աշխատանքի շնորհիվ:
Գեղամ Փաշիկյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Ծայրահեղ ծանր վիճակում տարհանվել է հոսպիտալ, որտեղ իրականացվել է վիրահատություն, տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, ներկայումս վիճակը բավարար է, ապաքինվում է զինծառայողը:
Բուժծառայության գնդապետը կարևոր է համարում կրտսեր ու միջին պրոֆեսիոնալ բուժանձնակազմի դերը, քանի որ վիրավոր զինվորների հետագա բուժումն ու ելքը կախված է առաջին բուժօգնության որակից: Ռազմական գործողությունների ժամանակ առաջինը վիրավորին հասնողը սանհրահանգիչներն ու բուժակներն են:
Գեղամ Փաշիկյան - Նրանց ջանքերի շնորհիվ փրկվել են շատ կյանքեր, կանխվել է հաշմանդամություն: Վիրավորները ժամանակին տեղափոխվել են մասնագիտացված բժշկական հաստատություններ, հոսպիտալներ:
Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնում պատրաստված, վերապատրաստված սանհրահանգիչները, բուժակները մասնակցել են վերջին ռազմական գործողություններին: Հակոբ Գասպարյանը սովորել է բժշկական մայր բուհի ռազմաբժշկական քոլեջում, ավարտել, Հադրութում նշանակվել գումարտակի բուժկետի պետ: Պատերազմի դասերն ու փորձը փոխանցում է ուսանողնեին: 44-օրյա պատերազմում վիրավորներին օգնող սանհրահանգիչն այնքան կլանված է եղել գործով, որ չի նկատել անգամ ռազմաճակատ մեկնած, այդ պահին կողքին հայտնված հորը:
Հակոբ Գասպարյան (Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի սանհրահանգիչների պատրաստման հրահանգիչ) - Այդ ժամանակ հասկացա, թե ինչքան մեծ պատասխանատվություն է կրում ռազմական բժիշկը, բուժակը, քանի որ քեզնից է կախված ամբողջ գումարտակի կյանքը: Միշտ ուսանողներին խորհուրդ եմ տալիս մագնիսի պես ընկալեն դասախոսների ասածը:
Ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ նախատեսվում է ընդլայնել կրտսեր ու միջին բուժանձնակազմի ուսուցման գործընթացը, մեծացնել սովորողների թիվը: Ուսումնական կենտրոնի հրահանգիչների մասնակցությամբ կձևավորվեն արտագնա խմբեր, որոնք զորամասերում զինծառայողներին կսովորեցնեն առաջին բուժօգնության նորագույն մեթոդները:
Գեղամ Փաշիկյան - Առաջին օգնության միջոցները թարմացվում են, պլանավորել ենք, որ նորագույն մեթոդներին ավելի ինտենսիվ ծանոթացնենք և ուսուցանենք անձնակազմին: Լարան դնեն, արյունահոսությունը դադարեցնեն: Միջին և կրտսեր անձնակազմի պատրաստության մակարդակի բարձրացումը կարևոր է, դրա միջոցով հնարավոր է կանխել տրավմատիզմը, փրկել կյանքեր, ապահովել հետագա որակյալ բուժօգնություն:
Պատրաստել են մարտի դաշտում ինքնօգնության և փոխօգնության վերաբերյալ ուսումնամեթոդական ուղեցույց ու նաև այդ մասին տեսահոլովակ:
Սամսոն Բազիկյան (Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի մարտական պատրաստության գծով ավագ սպա) - 8-շաբաթյա դասընթաց են անցնում: Մեծ մասը գործնական դասընթացներ են:
Որպես սանհրահանգիչներ ընտրվում են բժշկական գիտելիքների տիրապետող զինծառայողները: Ռազմաբժշակական ուսումնական կենտրոնում հանձնում են քննություն: Ընդունված զինծառայողները երկամսյա դասընթացից հետո վերադառնում են զորամաս և նշանակվում սանհրահանգիչ:
Տիգրան Օհանյան (Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգիչ) - Սովորել են կատետրի տեղադրում. կարևոր է: Բոլոր վիրավորներին տեղադրում ենք մարտի դաշտում, հետո տարհանում:
Բուժակներն ունեն միջին մասնագիտական բժշկական կրթություն, նրանք 3 տարին մեկ վերապատրաստվում են Ռազմաբժշակական ուսումնական կենտրոնում, որն առաջիկայում նոր հասցե կունենա: Երևանի կենտրոնական հոսպիտալի վերակառուցման նախագծով այդ տարածքում կտեղակայվի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը: