Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է՝ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Ըստ առողջապահության նախարարի՝ բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին:
Նախարարի հավաստմամբ՝ պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլային տարբերակով:
Նախատեսվում է 2023 թ. համակարգին հատկացնել 134 մլրդ դրամ: Առաջին փուլով 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Ներկա դրությամբ պետպատվերի շահառուների թիվը կազմում է շուրջ 1 մլն 300 հազար:
«2024 թ. կհատկացվի 175 մլրդ դրամ, որպեսզի ապահովագրական ծառայության փաթեթը հասանելի լինի բոլորին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը և հավելել, որ 2024 թ. կներդրվի նախ կամավոր ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2025 թ. կշարունակվի քաղաքացիների ներգրավումը համակարգում:
Առողջապահության նախարարը նշել է, որ ապահովագրության համար լինելու է ֆիքսված ապահովագրավճար, որի մի մասը կսուբսիդավորի պետությունը:
Նրա հավաստմամբ՝ ապահովագրավճարի չափը կախված կլինի շահառուի եկամուտների չափից: Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն սիրտանոթային, ուռուցքաբանական, շաքարային դիաբետի և այլ հիվանդություններ: Փաթեթի մեջ չեն մտնում ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժության և մի քանի այլ ծառայություններ:
Ապահովագրության հիմնական փաթեթին կից կլինեն նաև այլ փաթեթներ, որոնք կսպասարկվեն մասնավոր հիմնադրամների միջոցով:
«Ուսումնասիրել ենք Վրաստանի փորձը, որտեղ 58 տոկոսը տնօրինում է մասնավոր հիմնադրամը, իսկ 42 տոկոսը` պետությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը և ընդգծել, որ մեզանում բալանսավորման հարցը ավելի լավ է դրված:
Նշվել է նաև, որ 2025 թ. պետությունը կապահովագրի թոշակառուներին:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը գոհունակություն է հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ պարտադիր ապահովագրությունը կներդրվի փուլային տարբերակով: Ապահովագրավճարի առնչությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է սահմանել վճարման սանդղակ:
«Շահառուները անարդարության զգացողություն չպետք է ունենան»,- ասել է Նարեկ Զեյնալյանը:
Հարցի քննարկմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ: