Կառավարությունն ընդունեց «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ գործադիրը որոշեց լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով ձեռքբերող ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արզումանյան փողոցի N 10 և 17 հասցեների վթարային շենքերում և հարակից բակային տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
Արդյունքում հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ և իրականացնել մշակված քաղաքաշինական ծրագիրը: Մասնավոր ներդրումների հաշվին կթարմացվի վթարային բնակելի ֆոնդը, կապահովվի քանդման ենթակա վթարային բազմաբնակարան բնակարանային ֆոնդի բնակիչների անվտանգության ապահովման խնդիրը, միաժամանակ կստեղծվի ժամանակակից հանրային ներդաշնակ վերակազմակերպված միջավայր:
Տվյալ բնակելի գոտում կվերականգնվեն հանգստի, զբոսանքի ժամանցի համար տեղային գրավիչ, գեղագիտական վայրերը, կստեղծվեն կանաչ հանգստի գոտիներ, կապահովվի անվտանգության սպասարկմանը նպաստող պահաջվող չափորոշիչներին համապատասխանեցված տարածք, ինչպես նաև կանաչապատման և հանգստի վայրերի ստեղծման համար ընդհանուր օգտագործամն տարածքը առավելագույնս կազատվի ավտոտնակներից, ավտոկայանումներից և այլ օբյեկտներից՝ դրանք տեղակայվելով ստորգետնյա կառուցվածքներում:
«Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպես պետք է իրականություն դարձնենք վթարային շենքերը նոր բնակֆոնդով փոխարինելու հարցը այնպես, որ այդ շենքերում բնակվող քաղաքացիները ստանան համարժեք բնակարաններ: Հիմա կոնկրետ այդ հարցով նախագիծ է ձևավորվել»,- ասաց Փաշինյանը:
Թեման մանրամասնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Դեռևս հոկտեմբերին Աջափնյակ կատարած շրջայցը սկսել էինք 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին հանդիպելուց: Աջափնյակը մեզ մոտ ամենահարուստն է 4-րդ կարգի վթարային շենքերի առումով: Առհասարակ, Երևանում ունենք 13 բազմաբնակարան 4-րդ կարգի վթարային շենքեր: Երևանում ունենք 100-ից ավելի 3-րդ կարգի վթարային շենքեր:
Խոշոր կառուցապատողներին առաջարկում ենք ներգրավվել այս շենքերի բնակիչների հետ բանակցությունների գործընթացում և որոշակի ընդհանուր ստանդարտների պահպանմամբ այդ շենքերի տեղերում այլ շենքեր կառուցել, ընթացքում լուծել բնակիչների վարձակալության հարցերը և նրանց հետ տարբեր պայմանավորվածություններ ունենալ՝ նոր կառուցվող շենքում բնակարան հատկացնել, այլ տեղում բնակարան հատկացնել, գումար տալ»,- ասաց Ավինյանը: