Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Oրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։
Բացի դրանից՝ ժամանակավորապես՝ մինչև 2024 թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից։