Երկու լեգենդար երաժիշտ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը և դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևը, Հայաստանում են:
Նոյեմբերի 17-ին ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երևանյան համերգի ծրագրում Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն է և 5-րդ Սիմֆոնիան, որով Չայկովսկին 19-րդ դարում ապացուցեց, որ երաժշտական պատմության մեջ լավագույն սիմֆոնիստներից մեկն է:
Վլադիմիր Ֆեդոսեև (դիրիժոր) - Մենք մենակատարի հետ այս ստեղծագործությունները նվագել ենք, երևի թե, 1978-ին: Միասին շատ բեմերում ենք ելույթ ունեցել, օրինակ՝ Ճապոնիայում, Վիեննայում: Ձեր նվագախումբը հրաշալի է, հետևելով իմ ձեռքին՝ միանգամից այնպես է նվագում, ինչպես ինքս կցանկանայի, որ հնչեր:
Վլադիմիր Ֆեդոսեևը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նա արժանացել է մի շարք մրցանակների և մեդալների: Ասում է՝ իր կյանքում մեծ դեր է խաղացել Վիեննան, որտեղ ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբը:
Վլադիմիր Ֆեդոսեև - Հայերը շատ բարի, դրական ժողովուրդ են, և այդ ամենը արտացոլվում է երաժշտության մեջ: Կար ժամանակ, որ փառատոներին հայկական երաժշտություն շատ էինք նվագում: Ցավոք, այսօր նման միջոցառումներ շատ չեն անցկացվում:
Կատարողական արվեստի մեջ մրցակցությունից դուրս համարվող դաշնակահար Պլետնյովը նաև տաղանդավոր կոմպոզիտոր է: Նա ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ամենահայտնի նվագախմբերի հետ: Տարբեր մրցույթներում արժանացել է մեդալների, նաև «Գրեմմի»-ի գլխավոր մրցանակակիր է:
Միխայիլ Պլետնյով (դաշնակահար) - Ես շատ ուրախ եմ, որ մենք այստեղ հանդիպեցինք իրար: Երբ ստացա հրավերը, միանգամից համաձայնեցի գալ ու մասնակցել համերգին, մանավանդ որ այն նվիրված է Ֆեդոսեևի հոբելյանին:
Համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation-ի համագործակցությամբ, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի և այլ երկրների միջև մշակութային հարաբերություններ ստեղծելուն, հայկական ժառանգությունը միջազգային ասպարզում ներկայացնելուն և երիտասարդ հայ երաժիշտներին աջակցելուն ու կրթական գործունեությունը զարգացնելուն:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան