ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մերձեցման գործընթացին։
«Մենք դրական ենք գնահատում հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական երկխոսությունը և հասկացրել ենք երկու կողմերին, որ ցանկանում ենք օգտակար դեր խաղալ։ Գործընթացն ունի ներուժ՝ բարձրացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման: Դա ավելի կարևոր է հիմա՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի չհրահրված, դաժան պատերազմը։ Ավելի լայն իմաստով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցությունը ճիշտ քայլ է և բխում է մեր ազգային անվտանգության շահերից։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքեն, անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն է՛լ ավելի կարևոր կդառնա, քանի որ մենք ամրապնդում ենք յուրաքանչյուր երկրի վստահությունն ու կարողությունը՝ ազատորեն իրականացնելու իր ինքնիշխանությունը հարևանների հետ խաղաղության պահպանման հարցում»,- ասել է պետքարտուղարի օգնականը։