Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանքի Թալին-Լանջիկ հատվածն է: 18.7 կմ, որ գրեթե ամբողջությամբ պատրաստ է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Տոկոսը գրեթե ավարտված է, մի փոքր աշխատանք մնացել է ջրահեռացման, կողնակների հետ: Այս պահին շատ ակտիվ իրականացվում են անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքները:
2016-ին մեկնարկած շինարարությունն ավելի շուտ կավարտվեր, եթե չլինեին համավարակն ու պատերազմը:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Սա մեզ համար հաջողություն է, ձեռքբերում է, որ ուրախությամբ ուզում ենք կիսվել հանրության հետ ու մաղթել անվտանգ ճանապարհ:
Նախկին 50 կմ/ժ-ի փոխարեն հաշվարկային արագություն կսահմանվի 80 կմ/ժ-ը: Գյումրի հասնելու ճանապարհը կկրճատվի:
Գոռ Ավետիսյան - Կարծում եմ՝ բավականին մեծ ժամանակ մեր վարորդները կխնայեն, այդ թվում՝ երթևեկութան անվտանգության զգալի բարելավում կլինի: Ինչպես նաև ճանապարհի՝ առնվազն 3 անգամ հողային պաստառի լայնացում ենք ունեցել:
Նախկին 2-ի փոխարեն՝ երթևեկելի 4 գոտի կա: Եռաշերտ ասֆալտ՝ 20 սմ հաստությամբ:
Գոռ Ավետիսյան - Ինչպես նաև մեր, այսպես ասած, կողնակը՝ ասֆալտապատ, լրացուցիչ գոտի, կանգառի լրացուցիչ գոտի ունենք: Կարծում եմ՝ տեսանելի է՝ ինչքան լավ ճանապարհ ենք ստացել:
Որակի ամենօրյա հսկողություն է իրականացրել միջազգային ինժեներական թիմը: Շահագործման հանձնելուց առաջ էլ ամբողջությամբ կստուգեն:
Գոռ Ավետիսյան - Շահագործման ճանապարհը կհանձնվի հաջորդ տարի, բայց այս պահին էլ ամբողջությամբ երթևեկելի է: Մինչև տարեվերջ ամբողջությամբ անվտանգության էլեմենտներով կահավորված կլինի, և վարորդները լիարժեք ճանապարհից կօգտվեն:
Ճանապարհահատվածը կառուցել է չինական ընկերություն՝ 60 մլն դոլար համաձայնագրով:
Քրիստինե Ղալեչյան - Այս հաջողությամբ չենք սահմանափակվելու և ավելի ինտենսիվությամբ աշխատելու և ավարտելու ենք մյուս հատվածում՝ Լանջիկից Գյումրի: Հաջորդ տարի նույն ժամանակահատվածում ես առիթ կունենամ խոսելու այդ ծրագրի ավարտի մասին: Այսպիսով՝ Թալինից մինչև Գյումրի հատվածը մենք ամբողջությամբ ավարտուն տեսքի կբերենք:
Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածում շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է:
Գուրգեն Հարությունյան (տեղամասի հսկիչ) - Ընդհանուր առմամբ, աշխատում ենք տարբեր տեղամասերում. մեկում ենթահիմքն ենք տեղադրում, մյուսում՝ լիցք անում, այժմ՝ ասֆալտ: Իրականացնում ենք առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքը, որից հետո տեղադրվելու է ևս 2 շերտ՝ 7 սմ և մաշման շերտը:
Քննարկման փուլում է նաև Գյումրին շրջանցող հատվածի կառուցման ծրագիրը: Հաջորդ տարի Հյուսիս-հարավի դադարած շինարարությունը կմեկնարկի նաև Աշտարակ-Թալին հատվածում:
Քրիստինե Ղալեչյան - Ագարակ գյուղը շրջանցող հատվածն է, Աշտարակ-Թալինի մի մասն է՝ 8 կմ, որտեղ շինարար արդեն ունենք:
Մյուս հատվածի շինարարը հայտնի կդառնա գարնանը: Սյունիքում էլ՝ Սիսիանից մինչև Ագարակ, շինաշխատանքների մրցույթները հայտարարված են, բացառությամբ Քաջարանի թունելի հատվածի, որտեղ դիտարկվում է իրանական ընկերությունների հետ գործակցությունը:
Քրիստինե Ղալեչյան - Մեր քաղաքականության առաջնահերթությունը հարավային հատվածին է այս պահին միտված: Սիսիանից մինչև Ագարակ հատվածը հակված ենք բոլոր հատվածներում միաժամանակ շինարարություն սկսելու:
Արտաշատից Սիսիան 175 կմ հատվածի նախագծային քննարկումներն էլ շարունակվում են:
Քրիստինե Ղալեչյան - Հաճախ են հարցնում՝ երբ է ավարտվելու Հյուսիս-հարավը: Այս քայլերը հնարավորություն կտան շուտով պատասխանելու այդ հարցին և որոշակի հստակ ժամկետներ արձանագրելու:
Նախորդ 10-ը տարում ճանապարհահատվածի 5-6 տոկոսն է կառուցվել միայն, փոխարենը, Դատախազության 2019-ի գնահատականով, 23.7 մլրդի չարաշահումներ են կատարվել: Վերջին 2 տարում աշխատանքներն ավելի մեծ թափ են ստացել: 560 կմ երկարությամբ այս ավտոճանապարհը երկրի հարավը կկապի հյուսիսին՝ կրճատելով շուրջ 90 կմ ճանապարհ: