4 տրլն 481 մլրդ 559 մլն դրամ. հայաստանյան բանկերում ավանդների ծավալն է սեպտեմբերի տվյալով: 16.3 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսին էր: Սա ավանդների երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 25 տոկոսը բաժին է ընկնում ոչ ռեզիդենտներին, 75 տոկոսը՝ ռեզիդենտներին: Ավանդների մոտ 47 տոկոսը դրամով է, 53-ը՝ արտարժույթով:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Միայն 1 ամսվա մեջ ոչ ռեզիդենտները 130 մլրդ դրամ ավանդ են ներդրել մեր բանկերում, երբ որ 2000 թվականին ողջ ավանդները միասին կազմել են 128 մլրդ դրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ ռեզիդենտները միայն ավելի շատ են 1 ամսում տեղաբաշխել ավանդներ, վստահել Կառավարությանը, քան 2000 թվականին ողջ ավանդատուները միասին, սա արդեն խոսում է Կառավարության բարձր վստահության մասին, մեր երկրի կայունության մասին: Եվ նաև էստեղ շատ կարևոր է Կառավարություն-ԱԺ աշխատանքը: Եթե հիշում եք՝ մենք բարձրացրեցինք ավանդների երաշխավորման հիմնադրամի ցուցիչները, և այժմ մենք երաշխավորում ենք ցանկացած բանկում մինչև 16 մլն ՀՀ դրամը:
Ավանդների մեջ մեծ է ցպահանջ ավանդների չափը՝ նշում են մասնագետները:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Մի կողմից կարելի է համարել, որ ավելի շատ անկանխիկ գործառնություններով պայմանավորված՝ նաև անհրաժեշտություն է առաջանում ցպահանջ ավանդների ավելի մեծ ծավալ ունենալ: Կարող ենք սա դիտարկել, որ որոշակի ազատ դրամական միջոցներ են ի հայտ գալիս մարդկանց մոտ ու հատկապես ոչ ռեզիդենտների պարագայում է, բայց այդ դրամական միջոցները երկարաժամկետ ներդրում կատարելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չեն տեսնում:
Սեպտեմբերի դրությամբ՝ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց ավանդների 12-ամսյա աճը գերազանցում է 20%-ը, իսկ ոչ ռեզիդենտներինը նույն ժամանակահատվածում ավելի քան կրկնապատկվել են. «Լուրերին» հայտնեցին ԿԲ-ից:
ՀՀ կենտրոնական բանկ - Սա պայմանավորված էր աշխարհաքաղաքական զարգացումների ներքո ՀՀ օտարերկրացիների մեծ հոսքով, և ոչ ռեզիդենտների ավանդների մասով հետագա զարգացումները ևս շարունակելու են պայմանավորված լինել այդ գործոններով: Հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով բանկերը նման միջոցներն առայժմ պահում են իրացվելի ակտիվների տեսքով:
Բանկերի տրամադրած վարկերի ծավալը սեպտեմբերի տվյալով կազմել է 4 տրլն 64 մլրդ 710 մլն դրամ: Վարկերը նախորդ սեպտեմբերի համեմատ աճել են 4 տոկոսով, սակայն տարվա ընթացքում եղել են նաև ավելի բարձր ցուցանիշներ: Վարկերի 94.7 տոկոսը ռեզիդենտներին է տրվել, 5.3 տոկոսը՝ ոչ ռեզիդենտներին: Այստեղ դրամային վարկերն են գերակշռում՝ 63.5 տոկոս:
Արմեն Քթոյան - Այն անորոշությունը, որը որ կա, ստիպում է նախ երկարաժամկետ բիզնես նախագծերը որոշակիորեն առկախել, առավել ևս՝ վարկային միջոցներով իրականացվող և նաև էսպես թանկարժեք գնումները որոշակիորեն հետաձգել, որոնք որ կարող էին արվել վարկային միջոցներով:
Գլխավոր դրամատնից նշում են՝ վարկավորման ծավալների վրա վերաֆինանսավորման տոկոսադրույքից զատ ազդել են նաև տնտեսության զարգացումները և հեռանկարները: Կենտրոնական բանկն արձանագրում է, որ միայն սպառողական վարկերն են, որ վերջին տարիներին չեն աճում: Թե՛ բիզնես, թե՛ գյուղատնտեսական, թե՛ հիփոթեքային վարկերն ունեն երկնիշ աճ:
Սերգեյ Բագրատյան - Քանի որ տոկոսադրույքները որոշակի բարձրացրել են, վերաֆինանսավորման տոկոսադրույքը, գիտեք, ԿԲ-ն բարձրացնում է գնաճը զսպելու համար, բնականաբար, առաջարկը կա, բայց պահանջարկն է նվազել, որովհետև այլևս բիզնեսը, քաղաքացին չեն ցանկանում բարձր տոկոսով վարկեր ներգրավել իրենց տնտեսության մեջ և իրենց կենցաղի մեջ:
Նվազման միտումներ կան վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալում՝ սեպտեմբերի դրությամբ այն կազմել է 304 մլրդ 265 մլն դրամ, նախորդող 2 տարիների սեպտեմբերի համեմատ դա ամենացածր ցուցանիշն է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան