ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաև ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ:
Կողմերն ընդգծել են օրենսդիր մարմինների և, հատկապես, համանուն հանձնաժողովների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանը և Նիկոլոզ Սամխարաձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագիր:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին:
Հանդիպումից հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Էդուարդ Աղաջանյանի գնահատմամբ` Վրաստանի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, որն արձանագրված է ՀՀ կառավարության 2021-2022 թթ. գործողությունների ծրագրում: «Վստահ եմ, որ ստորագրված հուշագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- կարծիք է հայտնել ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Խոսելով տարածաշրջանի խնդիրներից՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանի անվտանգությամբ: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների նոր փուլի անցումն այդ անվտանգության երաշխիքն է: «Վրացի գործընկերները հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն են հայտնել»,- ասել է հայ օրենսդիրը:
Նիկոլոզ Սամխարաձեն հուշագրի ստորագրումը կարևոր որոշում է համարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Նշվել է, որ հուշագրի շրջանակում հանձնաժողովները համատեղ հանդիպումներ կանցկացնեն, կիրականացվի փորձի փոխանակում: