ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-Հայաստան հարաբերություններին:
«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել։ Մենք շարունակում ենք փնտրել անվտանգության ոլորտում գործընկերության ընդլայնման, մարդկանց միջև կապերի խորացման և ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում մեր համագործակցության ընդլայնման ուղիներ։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը այդ գործընկերության առաջատար ձևաչափն է։ Վաշինգտոնում անցկացրեցինք երկխոսության առանցքային միջոցառումը 2022 թվականի մայիսին, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի և արտաքին գործերի նախարար Միրզոյանի միջև շատ դրական հանդիպումը։
Այդ ժամանակ մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր միջուկային համագործակցության ոլորտում, որը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ինքնիշխանության ամրապնդմանը և միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդմանը, այդ թվում՝ ամերիկյան արտադրության փոքր մոդուլային ռեակտորների պոտենցիալ տրամադրման հաշվին: Անվտանգության և պաշտպանության, արդարադատության բարեփոխումների ու ժողովրդավարության հարցերով այլ աշխատանքային խմբեր քննարկել են լրացուցիչ ուղիներ, որոնցով Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը: Ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ տարի Երևանում կայանալիք երկխոսությանը»,- ասել է Դոնֆրիդը։