Ադրբեջանի հետ շրջանակային պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը խորհրդարանական ընդդիմությունը խնդրահարույց է համարում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այս փուլում նմանատիպ փաստաթղթի ստորագրմանը դեմ լինելու պատճառներն է նշում:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ի՞նչ պայմանագիր կարող է ստորագրվել, երբ քո երկրի սուվերեն տարածքներն օկուպացված են, դեռ ավելին ասեմ՝ հակառակ այս տոնական տրամադրությունների՝ մեր զոհված զինվորների աճյունները մինչև հիմա չեն հանվել, մինչև հիմա գտնվում են չեզոք գոտում:
Ի տարբերություն «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ»-ում առավել կարևոր են համարում փաստաթղթի հիմքում եղած սկզբունքների հստակեցումը: Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է՝ մարտավարական առումով կարելի է քննարկել խաղաղության և շրջանակային համաձայնագրերի տարբերությունը:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Նույն Մադրիդյան փաստաթղթի վրա հիմնված գործընթացը, երբ ընթանում էր, կրկին երկու փուլից էր բաղկացած: Առաջինը ենթադրում էր սկզբունքների շուրջ փաստաթղթի համաձայնեցում, երկրորդ փուլը, որտեղ, ի դեպ, նախատեսված էր նաև Արցախի ներգրավվածությունը, արդեն ենթադրում էր խաղաղության մեծ պայմանագրի մշակում և հետագայում ստորագրում: Այս իրավիճակում ամենակարևոր հարցը կախված է նրանից, թե ինչ սկզբունքների հիման վրա է գործընթացն ընթանում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացում մեր երկրի կարմիր գծերը հստակ են, հավելում՝ շրջանակային համաձայնագիր կնքելու առաջարկը Հայաստանն արել է դետալային հարցերի շուրջ համաձայնությունների ձեռքբերման գործընթացի ձգձգումից և նոր էսկալացիաներից խուսափելու նպատակով, սակայն այն դեռ պետք է ընդունի ադրբեջանական կողմը:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, ընդհանուր խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա կկարողանանք առաջ շարժվել: Բայց սա առաջարկ է, որ մեր կողմից է հնչել, մենք դեռ պետք է հասկանանք՝ բանակցային գործընթացում ինչ զարգացում է տեղի ունենում, և ըստ այդմ առաջ շարժվենք: Բայց կարմիր գծերն, ըստ էության, ֆիքսված են, մենք ասել ենք, որ 29 800 քառակուսի կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է:
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի պատգամավորները վերահաստատում են՝ Հայաստանը տրամադրված է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, սակայն ներկայացված կարմիր գծերի հատման դեպքում փաստաթղթի ստորագրումը բացառում են:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան