Տարածաշրջանային անվտանգությանը միտված գործակցության հեռանկարն է Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ՝ ընդգծել է Սիմոնյանը, բարձր գնահատելով Թբիլիսիի՝ այդ գործին ուղղված ջանքերը:
Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի ծավալապաշտական գործողությունները, որի վերջին ապացույցը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակումն էր:
Ալեն Սիմոնյանը խոսել է նաև Արցախի թեմայով, նշել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի համար շարունակում է առաջնային մնալ: Վրաստանի գործադիրի ղեկավարն էլ հայտարարել է՝ հիմա հայ-վրացական հարաբերությունները երբևէ եղած ամենաբարձր մակարդակի վրա են:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը նաև Վրաստանի գործընկերոջ հետ էր հանդիպել:
Հայաստանի Կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է՝ հիշեցրել է Սիմոնյանը, հավելել՝ Երևան հետաքրքրված է Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին վստահեցրել է՝ հայ-վրացական շարունակական երկխոսության ու գործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:
Քննարկմանը ծավալուն մի հատված նվիրված է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին:
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է»,- շեշտել է Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, չնայած հայկական կողմի՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերին, Ադրբեջանը շարունակում է իր առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը: Դրա վառ վկայությունն է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակումը, ՀՀ սուվերեն տարածքների որոշ հատվածների անօրինական օկուպացիան, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումները:
Տարածաշրջանային հարցերից բացի, քննարկվել են նաև այլ ոլորտներում գործակցության հարցեր՝ կրթությունից ու մշակույթից մինչև տրանսպորտ ու կապ:
Ալեն Սիմոնյան - Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցեր, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը:
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հաջորդ տարի Հայաստան է հրավիրել:
Վրաստան այցի ընթացքում խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջև ստորագրվել են գործակցության հուշագրեր: Կարևորվել են Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունները:
ԱԺ նախագահը այցի ընթացքում եղել է նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում, հանդիպել վիրահայերի հետ: Վրաստան պաշտոնական այցը երկօրյա էր:
Երեկ էլ Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում էր կայացել, որի ընթացքում հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները: