ԱՄՆ-ը ինչո՞վ կարող է արդարացնել ռազմական կամ այլ տեսակի օգնության տրամադրումը Ադրբեջանին. դա ծաղրում է Ազատության աջակցության ակտը, որի 907-րդ բանաձևի համաձայն՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ու չի վերացրել նրանց շրջափակումը: Այս մասին Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնածողովում լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը:
Նա վրդովմունք է հայտնել այն կապակցությամբ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին աջակցություն ցուցաբերելուն հավանություն էր տվել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սեպտեմբերյան ձեռնարկված հարձակումից ընդամենը մի քանի ամիս առաջ: Նրա խոսքով՝ ամերիկյան աջակցությունն Ադրբեջանին թույլ է տալիս դա կիրառել հարևան երկրի նկատմամբ:
«Ինձ հիասթափեցնում է, երբ պետքարտուղարությունը շարունակում է բռնությունից զերծ մնալու կոչեր անել երկու կողմին: Երբ մեկն ագրեսոր է, պետք է հենց այդպես էլ ասել: Կարծում եմ՝ խոր գիտելիքներ պետք չեն՝ գիտակցելու, թե ով է ագրեսորը, ով ունի համապատասխան կարողություն՝ այս հակամարտությունում ագրեսոր լինելու համար: Դա Ադրբեջանն է»,- ընդգծել է Մենենդեսը, հավելել՝ սա իր մասնակցությամբ տեղի ունեցած ամենահիասթափեցնող քննարկումներից մեկն էր:
Սենատորն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին սպիտակ ֆոսֆորով զինամթերքի կիրառմանը և դրա մատակարարումներին: «Ցավոք, այդ զինամթերքը մատակարարվել է Ուկրաինայի կողմից»,- ասել է Մենենդեսը: