Լիբանանի խորհրդարանն արդեն 6-րդ անգամ ձախողել է հանրապետության նոր նախագահի ընտրությունը: Խորհրդարանը բաժանված է շիա «Հեզբոլլահի» և նրա աջակիցների ու նրանց ընդդիմադիրների միջև:
Քվեարկության առաջին փուլում Միշել Մուավադի օգտին է քվեարկել 43 պատգամավոր: Եղել են նաև 46 դատարկ քվեաթերթիկներ: Այս քվեարկության ընթացքում առաջին անգամ «Հեզբոլլահի» կողմից աջակցություն վայելող և քրիստոնեական «Մարադա» շարժման առաջնորդ Սուլեյման Ֆրանժիեն ստացել է ընդամենը մեկ ձայն:
Նշվել է, որ «Հեզբոլլահը» մերժում է Միշել Մուավադի թեկնածությունը, քանի որ վերջինիս արևմտամետ գործիչ են դիտարկում:
Քվեարկության երկրորդ փուլը դարձյալ չի կայացել պատգամավորների բացակայության պատճառով: Նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է կարողանա ապահովել խորհրդարանի 128 անդամից 65-ի աջակցությունը: