ԻՐԱՆԻ ԻԶԵ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՈՒԳ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքի շուկաներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկաններ, կան տասից ավելի վիրավորներ՝ հայտնում է IRNA գործակալությունը։ Լրատվականը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Հարձակման հեղինակների և կազմակերպիչների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իզե քաղաքում սուգ է հայտարարվել:
ՄԻԽԱՅԻԼ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ԿՄԵԿՆԻ ԱԴՐԲԵՋԱՆ
Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ՝ հայտնել են ՌԴ կառավարությունից: Միշուստինը նաև կմասնակցի ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովին:
ԼԵՀԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՉԵՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահին զեկուցել են, որ Լեհաստանի տարածքում ընկած հրթիռները ուկրաինական չեն։
«Ես վստահում եմ օդուժի հրամանատարության տվյալներին այն մասին, որ Ուկրաինան հրթիռային հարձակում չի իրականացրել: Եթե դա մեր հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքն է, և Լեհաստանի տարածքում ուկրաինական հրթիռների բեկորներ են հայտնաբերվել, ես ապացույցներ եմ պահանջում։ Եթե մարդիկ այդ բեկորներից են մահացել, մենք պետք է ներողություն խնդրենք»,- ընդգծել է Վոլոդիմիր Զելենսկին:
ՆԱՏՕ-ի նախնական գնահատմամբ, սակայն, Լեհաստանի տարածքը հրթիռակոծվել է Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի հետևանքով: Հյուսիսատլանտյան գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ուկրաինական կողմը փորձել է որսալ երկրի էներգետիկ օբյեկտները թիրախավորած ռուսական հրթիռները, ինչի հետևանքով ուկրաինական հրթիռներն ընկել են Լեհաստանի տարածքում և 2 քաղաքացու մահվան պատճառ դարձել: Սակայն ոչ մի նշան չկա, որ միջադեպը կանխամտածված է եղել:
Ենս Ստոլտենբերգն, այնուհանդերձ, մեղադրել է ռուսական ուժերին, ընդգծել՝ Լեհաստանի տարածքը չէր հրթիռակոծվի, եթե Ռուսաստանը պատերազմ չսկսեր Ուկրաինայի դեմ:
Ռուսական կողմը հերքում է բոլոր մեղադրանքները. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Վարշավայի և Ուկրաինայի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախում հրահրելու փորձ։
ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՑԱՆՑ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ուկրաինայում մշակվել է էներգամատակարարման «այլընտրանքային» ցանց, որը, սակայն, հնարավոր կլինի գործարկել միայն պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի թիրախավորումը Ռուսաստանի ձեռքի տակ եղած միակ հզոր զենքն է: Եթե հաղթահարենք այս ձմեռը, իսկ մենք միանշանական կհաղթահարենք, ապա կհաղթենք նաև պատերազմում»,- հավելել է նա:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ նոյեմբերի 15-ին ուկրաինական էներգահամակարգը ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակմանը: Ռուսական ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 90 հրթիռ, վնասվել է 30-ից ավելի օբյեկտ։ ԱՄՆ պաշտպանության նախարարության գնահատմամբ էլ՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի բնակչության ավելի քան մեկ քառորդը մնացել է առանց էլեկտրականության։
ԲԱՅԴԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստանալու կապակցությամբ, հայտարարել նրանց հետ գործակցելու պատրաստակամության մասին: Բայդենի կարծիքով`նախորդ շաբաթ կայացած միջանկյալ ընտրությունները «ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության ուժն ու կայունությունը»:
Միջանկյալ ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների տվյալով՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմել Ներկայացուցիչների պալատում՝ ստանալով ստորին պալատի 435 տեղից 221-ը։ Սենատում առաջատարը դեմոկրատներն են։