Հայ-ադրբեջանական հարաբերությունները, Արցախի շուրջ զարգացումները, Հարավային Կովկասում Թուրքիայի դերը և տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում միջազգային հանրության ջանքերը եղել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումների առանցքում:
Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ քննարկումը բացել է հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը՝ դժգոհություն հայտնելով, որ պետքարտուղարությունը խուսափում է վճռական դիրքորոշում հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված:
Բոբ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը արդարացնել Բաքվի ռեժիմին ռազմական կամ այլ տեսակի օգնության տրամադրումը. դա ապտակ է Ազատության աջակցության ակտին, որի 907-րդ բանաձևի համաձայն՝ Ադրբեջանին օգնություն չի կարող տրամադրվել, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել հարձակումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ու չի դադարեցրել այդ տարածքների շրջափակումը: Իսկ պետքարտուղարությունը 600000 դոլար է խնդրել Ադրբեջանին միջազգային ռազմական ուսուցման հարցում աջակցելու համար:
Ինչպե՞ս եք կարողանում անտեսել Ադրբեջանի վայրագությունները՝ դիմել է Մենենդեսը լսումներին հրավիրված ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Քերըն Դոնֆրիդ (ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ) - Մենք քրտնաջան աշխատում ենք Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ադրբեջանին տրամադրում ենք միայն պաշտպանական միջոցներ, որոնք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ և խաթարել բանակցային գործընթացը: Հաշվի առնելով Իրանից եկող սպառնալիքներն ու դեպի Հարավային Կովկաս, Ռուսաստան ու Եվրոպա մաքսանենգության փորձերը՝ մեր միջոցները կարող են ապահովել Ադրբեջանի սահմանների անվտանգությունը։
Դոնֆրիդը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն խաղաղություն հաստատելու և ավելի քան 30 տարի տևած հակամարտությունը կարգավորելու պատմական հնարավորություն:
Քերըն Դոնֆրիդ - Երբ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողություններ սկսվեցին, մենք անմիջապես ներգրավվեցինք, պետքարտուղարն անձամբ կարևոր դեր խաղաց երկխոսության հաստատման հարցում: Մեր միջնորդությամբ Ադրբեջանը ազատ արձակեց 17 հայ ռազմագերու: Նման քայլերը նպաստում են կողմերի միջև վստահության ձևավորմանը: Մենք ցանկացած հնարավորության դեպքում Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել մնացած պահվող անձանց: Խրախուսում ենք Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ճանապարհին Դոնֆրիդը կարևորել է ՀՀ վարչապետի ապրիլյան ելույթը, որը, նրա գնահատմամբ՝ խրախուսում էր կարգավորման գործընթացը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, բարձր գնահատել դրանց կարգավորման շուրջ հայ-թուրքական երկխոսությունը: Նա հույս է հայտնել, որ Անկարան հավատարիմ կմնա գործընթացի շրջանակում իր ստանձնած հանձնառություններին, և հավատացրել՝ Վաշինգտոնը պատրաստ է աջակցելու:
Դոնֆրիդը նաև կարևորել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները:
Քերըն Դոնֆրիդ - Հայաստանի հետ մեր հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել: Մենք շարունակում ենք հնարավորություններ փնտրել՝ անվտանգության ոլորտում մեր գործընկերությունն ընդլայնելու, մարդկանց միջև կապերը խորացնելու և ժողովրդավարության ու տնտեսության ոլորտում մեր գործակցությունն ընդլայնելու համար: Անհամբեր սպասում եմ ռազմավարական երկխոսության շրջանակում հաջորդ տարի Երևանում նախատեսված շփումներին:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Դոնֆրիդը ընդգծել է ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ադրբեջանական նավթի և գազի կարևորությունը դեպի Եվրոպա մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում: Միևնույն ժամանակ հավաստիացրել՝ դա չի կարող ստիպել Վաշինգտոնին աչք փակել այդ երկրում մարդու հիմնարար ազատությունների խախտման դեպքերի վրա:
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն իր հերթին Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը հուսադրող է որակել, շեշտել՝ թեև ԱՄՆ-ը և Եվրամիությունն աջակցում են կողմերի միջև բանակցություններին, իրական բովանդակային քննարկումները վարում են հենց Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։
Ֆիլիպ Ռիքեր (Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական) - Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ եմ արել դիտարկել Լեռնային Ղարաբաղին վերաբերող ցանկացած համաձայնագրի մոնիթորինգի միջազգային մեխանիզմի ստեղծման հնարավորությունը։ Կողմերը գտնվում են պատմական խաչմերուկում: Մենք նրանց կոչ ենք անում ընտրել բարգավաճման ուղին: Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր փոխըմբռնում ունեն խաղաղության համաձայնագրի հինգ սկզբունքի շուրջ, հայկական կողմն առաջարկում է նաև համաձայնագրում ամրագրել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովող երաշխիքները:
Ֆիլիպ Ռիքեր - Ակնհայտորեն, այդ հարցը պետք է քննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Բաքվի միջև: Դրա համար միջազգային մեխանիզմ է հարկավոր։
Լսումների մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:
Ֆիլիպ Ռիքեր - ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպիսին որ այն կար, այլևս չի գործում: Ադրբեջանը պարզապես հրաժարվում է գործ ունենալ Մինսկի խմբի հետ: Այնուհանդերձ, դրա մանդատը և նպատակները պահպանվում են: Վաշինգտոնն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական գործակցության ձևաչափով։
Լսումներն անցել են բավականին լարված մթնոլորտում, սենատորները հաճախ ընդհատել են պետքարտուղարության ներկայացուցիչներին՝ պահանջելով հստակ և բովանդակային պատասխաններ:
Բոբ Մենենդեսը, մասնավորապես, հարց է հղել Ռիքերին և Դոնֆրիդին՝ «Տեսե՞լ եք տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորները սառնասրտորեն սպանում են հայ գերիներին: Ստուգե՞լ եք դրանց հավաստիությունը: Տեղյա՞կ եք, որ 2020-ին Ադրբեջանը ապօրինի զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր է կիրառել, որը, ցավոք, տրամադրել էր Ուկրաինան»:
Ռիքերը խուսափողական պատասխաններ է տվել՝ տեսանյութերին ծանոթ է, սակայն դրանց նույնականացում դեռ չեն իրականացրել, ֆոսֆորի կիրառման մասին տեղեկություններ չունի:
Բոբ Մենենդես - Ինձ հիասթափեցնում է այն փաստը, որ պետքարտուղարությունը շարունակում է բռնությունից զերծ մնալու կոչեր անել կողմերին: Երբ երկրներից մեկն ագրեսոր է, պետք է ասել, որ նա ագրեսոր է: Կարծում եմ՝ խոր գիտելիքներ պետք չեն՝ գիտակցելու համար՝ ո՛վ է այդ ագրեսորը: Ադրբեջանն է:
Բոբ Մենենդեսն ամփոփել է շուրջ մեկուկես ժամ տևած լսումները, նրա խոսքով՝ սա իր մասնակցությամբ ամենահիասթափեցնող քննարկումն էր: