Պետական ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:
Տարվա սկզբից մեկնարկած նորոգման և ամրակայման աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական այցն են իրականացրել թանգարան: Տեղում ուսումնասիրվել են աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները, քննարկվել նախագծի թերություններով պայմանավորված համադրման ենթակա աշխատանքներն ու անհրաժեշտ վերանայումները:
Ընթացիկ տարում նախատեսված էր իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ: Առաջացած խնդիրների լուծման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները տեղում արված անհրաժեշտ չափումների և կատարված ուսումնասիրության հիման վրա որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություններին առաջարկել են սեղմ ժամկետում կազմել և նախարարություն ներկայացնել շտկված նախագծային փաստաթղթերի փաթեթը:
2022 թվականին նախատեսված աշխատանքներն արդեն ավարտված են, նորոգումը կշարունակվի 2023-24 թվականներին: