ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է.
«Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է: Մենք մեծապես հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ»:
Նա նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական բարեկամությունը հենվում է ընդհանուր արժեքների և պատմամշակութային ժառանգության վրա՝ հավելելով, որ քիչ առաջ ավարտված հանդիպումը հնարավորություն է տվել շարունակելու այս տարվա ապրիլին Երևանում սկսված քննարկումները:
«Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության ամենատարբեր ոլորտներ՝ կրթություն, մշակույթ, տրանսպորտ, կապ և այլն: Քննարկեցինք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա տեղեկացրել է, որ իր վրացի գործընկերոջ հետ անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին, և չնայած հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու օրակարգին` Ադրբեջանը շարունակում է առավելապաշտական քաղաքականությունը և ագրեսիվ հռետորաբանությունը՝ վտանգելով տարածաշրջանի անվտանգությունը:
Ալեն Սիմոնյանն ընդգծել է Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանն ուղղված քայլերը: