Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմամբ զբաղվում է միայն Երևանի և Բաքվի հետ անմիջական փոխգործակցության ձևաչափով։
«Կարծում եմ՝ հասել ենք այն կետին, որտեղ կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ դնել այդ մանդատին. այն այլևս չի գործում»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, հավելել՝ մանդատը, այնուամենայնիվ, բավական օգտակար էր:
«Ադրբեջանը պարզապես հայտարարել է, որ այլևս գործ չի ունենալու Մինսկի խմբի հետ»,- նշել է պաշտոնյան: Ռիքերն ընդգծել է նաև, որ շատ սերտ կապ է պահպանում ֆրանսիացի գործընկերոջ, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների հետ, որոնց ներգրավվածությունը տարածաշրջանում «բավական խորն է»: