Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատում, անդրադարձել է 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային:
«Ես տարածաշրջանում եմ եղել սեպտեմբերի 13-14-ը ռազմական գործողությունների ժամանակ և սեպտեմբերի 14-ին հանդիպել եմ նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները տեղի են ունեցել պետքարտուղար Բլինքենի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի և պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ անհետաձգելի և շուրջօրյա հանդիպումներին զուգահեռ: Այդ ժամանակից ի վեր այդ շփումները շարունակվել են, և Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և գործընկեր երկրների համատեղ ջանքերը ճանապարհ են հարթել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք հանդիպումների՝ խաղաղությունը քննարկելու համար»,- նշել է Ռիքերը։
Նրա խոսքով՝ չնայած վերջին մարտական գործողություններին՝ խաղաղ գործընթացի մեջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ներգրավման տեմպերը ԱՄՆ-ի համար հուսադրող են։
«Ղեկավարները բազմիցս հանդիպել են բանակցությունների համար վերջին ամիսներին ԵՄ աջակցությամբ խաղաղ գործընթացի շրջանակներում, վերջին անգամ Պրահայում՝ հոկտեմբերի 6-ին։ Պրահայի հանդիպումը հանգեցրեց երկու նշանակալի արդյունքների, որոնք կարող են պոտենցիալ ճանապարհ հարթել դեպի խաղաղություն.1991թ.-ի Ալմաթիի հռչակագրի փոխադարձ ճանաչումը որպես սահմանների քննարկման հիմք և ԵՄ-ի մոնիթորինգի ներուժի ընդունումը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման և հնարավոր ռազմական գործողությունների ապաէսկալացման հնարավորություն»,- ասել է Ռիքերը: