ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
«Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն՝ ապահովելու կայուն խաղաղություն հակամարտությունից հետո, որը հրահրվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվում է ավելի քան երեսուն տարի։ Եղել են նաև անհաջողություններ, ինչպիսիք են սեպտեմբերի 13-14-ը բռնկված մարտերը։ Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մենք անմիջապես սկսեցինք քայլեր ձեռնարկել՝ դրանք դադարեցնելու ուղղությամբ։ Այս ձախողումը բոլորիս հիշեցրեց իրավիճակի փխրունության և համապարփակ, կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու կարևորության մասին: Պետքարտուղար Բլինքենի ներգրավվածությունը կարևոր դեր է խաղացել երկխոսությանը նպաստելու գործում»,- նշել է պաշտոնյան։
Դոնֆրիդը հիշեցրել է սեպտեմբերի 19-ին և նոյեմբերի 7-ին պետքարտուղարի միջնորդած հանդիպումների, հոկտեմբերի 4-ին երկու երկրների ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցների, ինչպես նաև Ջեյք Սալիվանի՝ իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների մասին:
«Հոկտեմբերի 4-ին մասամբ մեր մասնակցության շնորհիվ Ադրբեջանն ազատ արձակեց սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված 17 հայ ռազմագերիներին։ Նման գործողություններն օգնում են ամրապնդել անհրաժեշտ վստահությունը երկու կողմերի միջև, և մենք օգտվում ենք ցանկացած հնարավորությունից, որպեսզի կոչ անենք Ադրբեջանին ազատ արձակել մնացած պահվող անձանց։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին և Հայաստանին՝ պահպանել բանակցությունների թափը, և մենք դա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- նշել է Դոնֆրիդը։