Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, շուրջ 2 տասնյակ հուշարձանների հեղինակ, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետ, Գյումրու «Բարեկամություն» շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր, «Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ Անահիտ Թարխանյանին: Նրա հետ միասին մարզպետը եղել է շատրվանի տարածքում, որտեղ պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են շատրվանի վիճակի, սեյսմիկ անվտանգության, վերականգնման, վերագործարկման ու տարածքի բարեկարգման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվող հնարավոր քայլերը։
Մարզպետը վստահեցրել է, որ ճարտարապետի մշակած նոր նախագծի իրականացմանը կաջակցի հնարավորությունների սահմաններում՝ կարևորելով ինչպես անմիջական շատրվանի վերականգնումը, այնպես էլ տարածքի բարեկարգումն ու դեպի շատրվան բերող ճանապարհի նորոգումը։
Խորհրդային մոդեռնիզմի շնչով նախագծված երկաթե կամ, ինչպես ընդունված էր ասել՝ «Բարեկամության» շատրվանը, որը հետո գյումրեցիներն ուղղակի ֆանտան անվանեցին, համարվում էր մոնումենտալ քանդակ։
Շատրվանի կառուցումը սկսվել է 1982-ին և տևել երկու տարի։ Երկրաշարժից հետո շատրվանն անխնամ է մնացել, նորոգման ծրագրեր չեն եղել, հիմա Անահիտ Թարխանյանը նախագծման աշխատանքներ է իրականացրել, ըստ որոնց շատրվանը կպահպանի նախկին տեսքը, կունենա նաև հետաքրքիր լուսային ձևավորում։