Վտանգավոր բեռ տեղափոխելու համար շուտով հատուկ սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի՝ ինչպես բեռնատարի վարորդի, այնպես էլ մեքենայի ու վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ է շրջանառում: Գործող օրենքը ընդունվել է դեռ 2012 թվականին, բայց լիարժեք չէր գործում, քանի որ վավերացված չէր «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը. այն վավերացվեց այս տարվա հունվարին:
Արմեն Սիմոնյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Օրենքի նախագծով կառավարությանն է լիազորվում լիցենզավորման կարգը այն հաստատությունների, որոնք իրականացնելու են վարորդների վերապատրաստում և համապատասխան վկայականների տրամադրում: Մեքենայի, վարորդի ու անվտանգության մասնագետի համար սերտիֆիկատների պետական տուրք է սահմանվելու՝ 10 հազար դրամ:
Արմեն Սիմոնյան - Ինչպես նաև սահմանվում է պետական տուրք այսպես կոչված վերապատրաստման կենտրոնների նկատմամբ, որոնք լիցենզավորման ենթակա պետք է լինեն` ըստ առաջարկվող նախագծի, այս պահի դրությամբ` 200-ապատիկի չափով, այսինքն` 200 հազար դրամ տարեկան պետական տուրք է սահմանված: 50 հազար դրամ տուգանք էլ կսահմանվի առանց վկայականի բեռ տեղափոխելու համար:
Մինչև օրս հայաստանյան ընկերությունները, որոնք վտանգավոր բեռներ էին տեղափոխում Հայաստան կամ արտահանում դրանք, սերտիֆիկատների համար այլ երկրում էին անցնում վերապատրաստումն ու ստուգումը:
Արմեն Սիմոնյան - Այդ սերտիֆիկատների, վկայականների, որոնք տրամադրվելու են, ձևը պետք է հաստատի Կառավարությունը, իսկ ձևը լինելու է միջազգային օրենսդրությանը համապատասխան, այսինքն՝ որտեղ էլ մեր փոխադրողները վտանգավոր բեռ փոխադրեն, ներկայացնելով այդ նմուշի փաստաթղթերը, այդ երկրներում ընդունելի կլինեն:
Օրենսդրական փոփոխությունների նպատակն է բարձրացնել անվտանգության մակարդակը, սահմանել վտանգավոր նյութերի դասակարգման և պիտակավորման միասնական համակարգեր, սահմանել փոխադրման պահանջները, փաթեթավորման ձևը:
Արմեն Սիմոնյանի կարծիքով` այս տարի կհասցնեն փաթեթը Կառավարության քննարկմանը ներկայացնել, իսկ օրենքը ընդունման դեպքում ուժի մեջ կմտնի 2024 թվականից: