ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ
Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի րոպե անդրադարձավ հնչած քննադատությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով Կառավարության դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են: Վարչապետը խոսեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ռուսական կողմի առաջարկի և ընդդիմության քննադատությունների մասին, թե ինչու Կառավարությունը չի ընդունում դրանք:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից, էդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ ՌԴ նախագահին, որ թեման այնուամենայնիվ պարզաբանելու հնարավորությունը ընձեռեց, և եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, ըստ էության, մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել:
Եվ այդ դիրքորոշումների մասին Արցախի նախագահին միշտ տեղյակ է պահել՝ շարունակեց վարչապետը: Հենց ռուսական առաջարկը ընդունելն է պատճառը, որ Հայաստանը առաջ է քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը:
Նիկոլ Փաշինյան - Եվ ինչպես 2018 թվականին, հիմա էլ մենք կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ 1 կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հայերի մասին է, մեր հայրենակիցների մասին է: Եվ միջազգային հանրության մեջ այդ ըմբռնումը կարծես կա, և կարծես թե տեսանելի խոսակցություն պետք է կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Եվ էն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ հարցը օրակարգից հանելուն. նկատի ունեմ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը: Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՀՀ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ. ՎԱՐՉԱՊԵՏ
Տարածաշրջանի անվտանգային իրավիճակի մասին, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքի մասին խոսելիս վարչապետ Փաշինյանն ընդգծեց՝ բոլորին է հայտնի, որ Վաշինգտոնում հայկական կողմը իր առաջարկներն ու տեքստն է ներկայացրել Ադրբեջանին և հիմա սպասում է արձագանքի: Ըստ Փաշինյանի՝ այս ընթացքում ադրբեջանական կողմից որոշակի լարվածության միտումներ են նկատվում, որը մի քանի հանգամանքի հետ է կապված:
Նիկոլ Փաշինյան - Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից 2021 թվականի մայիսի 12-ից առաջ գոյություն ունեցող դիրքեր: Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այդ դիրքորոշումը, մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այդ դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է պաշտպաներ հստակ, և մենք, մյուս գործընկերների հետ, պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար: Բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք, և ես հույս ունեմ, որ մենք նոյեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք: Սա սկզբունքային որոշում է և դիրքորոշում է ՀՀ-ի համար: Ուզում եմ հստակ լինել, մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, ոչ, մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշման արձանագրումը, ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումը այս իրավիճակի, և ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, որը մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ես կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված:
Վարչապետը ներկայացրեց նաև Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ որի՝ մինչև 2021-ի մայիսն էլ կային տարածքներ, որոնք Հայաստանն է օկուպացրել: Փաշինյանը առաջին անգամ հրապարակային պատասխանում է ադրբեջանական այս պնդումներին:
Նիկոլ Փաշինյան - Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղից որտեղ պետք է գնա: Եվ եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն: Պարզ ա, չէ՞, եթե մենք վերցնում ենք Խորհրդային միության սահմանը, եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, ուրեմն տարածքային որևէ բաժանում կա, սահման կա: Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք այդ գիծը, ցույց տվեք գիծը, ցույց տվեք մեզ քարտեզը, և մենք չենք մերժում դա: Ինչու. որովհետև հենց էդ տարածքներում Հայաստանի 4 գյուղի տարածքների մեծամասնությունը օկուպացված է: Օրինակ՝ Բերքաբերի, Պառավաքարի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է, 1992-94 թվականներին ա եղել դա: Ասում ենք՝ ցույց տվեք այդ գիծը, ցույց տվեք սահմանը և ասեք, թե այդ գիծը ինչ իրավական հիմնավորում ունի: Էդ դեպքում նաև մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն: Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումների և ես էդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա, և ես ուզում եմ, որ հայ հանրությունը և միջազգային հանրությունը սա արձանագրի՝ պայմանով, որ մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն, չշտապեն որակումներ տալ, որովհետև էլի կրկնում եմ՝ խոսքը 29.800 քառակուսի կմ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե ընդհակառակը՝ զիջելու մասին է:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ հայկական կողմը ընդունելի է համարում խաղաղության շրջանակային պայմանագրի տարբերակը, քանի որ հակառակ պարագայում դետալների մեջ խորանալու ընթացքում կարող են դժվարություններ առաջանալ:
Վարչապետ Փաշինյանը պատասխանեց նաև Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի զարգացման և գործակցության մասին հարցին, ընդգծեց՝ վերաբերմունքը դրական է, բայց շատ կարևոր է նման կապերի զարգացումից առաջ բարելավել մթնոլորտը: Այս առումով կարևորը հումանիտար հարցերի լուծումն է, քանի որ գերիների ու պահվող անձանց հայրենիք չվերադարձնելու պարագայում նման քննարկումները չեն կարող արդյունավետ լինել: