ԱԺ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսին է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում:
«Հայտարարությունների մակարդակում մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց նաև օգտվելով այն առիթից և գուցե հետահայաց մեղավոր զգալով այն բանում, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել հայտնի հանգամանքների պատճառով, օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը մեզ հայտնի իրադարձություններից հետո ընդլայնվել է, ուզում եմ մի քանի շեշտադրումներ անել. առաջինը՝ ինչպիսին է ԼՂ բանակցությունների ընթացքը:
Դուք գիտեք, որ ՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները և մեր առաջարկները, մեր տեքստը՝ խաղաղության պայմանագրին վերաբերող, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին: Այդ արձագանքների առումով պիտի ասեմ, որ, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ: Այդ լարվածությունը կապված է նաև կոնկրետ իրադարձությունների, կոնկրետ իրավիճակների հետ»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից՝ 2021 թվականի մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքերին:
«Միջազգային հանրությունն աջակցում է մեր այս դիրքորոշմանը: Հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես կպաշտպանի մեր այս դիրքորոշումը: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ, մեր մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց մենք հիմա ուղիղ հակառակն ունենք: Հույս ունեմ, որ Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այս կոնսենսուսը կարձանագրենք:
Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը՝ ինչ է ՀԱՊԿ-ի ընկալումն այս իրավիճակի, ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ն արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է: Կարծում եմ, որ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»,- ասաց վարչապետը: