Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ 2022 թվականի սկզբին 500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստման գերակատարմանը:
«Իրականում այդ քաղաքական խոստումը կատարելը տարեցտարի բարդանում է նրանով, որ տարեցտարի ավելի շատ գործ ենք ունենում հիմնանորոգվող ճանապարհների և նաև հատկապես Սյունիքում նոր կառուցվող ճանապարհների հետ: Այդ ճանապարհների պարագայում շատ ավելի խնդիրների ենք բախվում, քան միջին նորոգման կամ տեղական ճանապարհների պարագայում»,- ասաց Սանոսյանը:
Նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այս պահին արդեն մոտ 520 կմ ասֆալտապատված ճանապարհ կա, 40 կմ-ից ավելի՝ խճապատված ճանապարհներ, որոնք նույնպես պատրաստ են շահագործման: 520 կմ-ից մոտ 250 կիլոմետրը միջպետական ճանապարհներ են, մոտ 160 կիլոմետրը՝ հանրապետական, և մոտ 100 կիլոմետրը տեղական նշանակության ճանապարհներ են:
«Եթե վերջին տարիների ցուցանիշները նայենք, կտեսնենք, որ գնալով այս թվերի մեջ աճում է տեղական նշանակության ճանապարհների թիվը, այսինքն՝ գնալով միջպետական, հանրապետական ճանապարհներին այդքան շատ գործ չենք ունենում: Եթե այլ բացվածքով ասենք, ապա 289 կիլոմետրը հիմնանորոգված ճանապարհներն են, 145-150 կիլոմետրը միջին նորոգումն է, այս տարի նույնպես նախորդ տարվա պես 50 կմ Հյուսիս-հարավում է ճանապարհ ասֆալտապատվել: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել՝ Հյուսիս-հարավի 50 կիլոմետրը առնվազն 150 կմ է, որովհետև դա դա եռաշերտ ասֆալտապատում է»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է Սյունիքում արվող աշխատանքներին, ապա դրանք, Գնել Սանոսյանի խոսքով, աննախադեպ են և որևէ մարզի հետ համեմատելի չեն:
«Եթե մարզերում գրեթե համաչափ բաշխվածություն կա՝ շատ քիչ տարբերություններով, ապա Սյունիքում կառուցվել կամ կառուցվում է մոտ 230 կմ ճանապարհ, ինչն աննախադեպ է և՛ կիլոմետրերի, և՛ գումարային առումով»,- նշեց նա: