2017 թ. համեմատությամբ այսօր արդեն ռազմարդյունաբերական համալիրի, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին ուղղված ֆինանսավորումն աճել է ավելի քան 4 անգամ՝ 2023 թ. համար կազմելով ավելի քան 6,8 մլրդ դրամ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովների անդամներին, Կառավարության գործընկերներին՝ ծանր, ինստիտուցիոնալ աշխատանքը հավուր պատշաճի իրականացնելու և հանգրվանին հասցնելու համար:
Նա նշել է, որ բազմիցս խոսվել է այն մասին, որ Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունն է, որի զարգացումը զուգորդվում է ռազմարդյունաբերական համալիրի և տնտեսության այլ ճյուղերի զարգացմամբ, դրանց արդյունավետության և արտադրողականության բարձրացմամբ:
Հակոբ Արշակյանը խոսել է 2019 թ. ընդունված անկյունաքարային որոշումների մասին, մասնավորապես, նշելով, որ ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, տեղական արտադրությունների հիմնումը, խթանումը, լիցենզավորումն առանձնացվել են ՊՆ գործառույթներից և վերապահվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մեր ընդունած որոշումները՝ արտադրողին ու սպառողին տարանջատելու, ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև առաջնահերթ ռազմավարական ուղղությունների հստակեցումը, տվել են իրենց շոշափելի արդյունքները: Կարող ենք արձանագրել, որ այսօր արդեն Հայաստանում առկա են մի շարք արտադրատեսակների և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ, որոնք ստացել են պետական և ռազմական փորձարկումներ և մատակարարվում են»,- նշել է ԱԺ փոխխոսնակը:
Անդրադառնալով պաշտպանական համակարգի զարգացմանը՝ Հակոբ Արշակյանն ասել է, որ 2023 թ. նախատեսվում է ավելի քան 120 մլրդ դրամով ավելացնել ՊՆ ֆինանսավորման ծավալները: ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Կառավարության կողմից ջանքեր են գործադրվում զինված ուժերում ծառայության նկատմամբ հասարակության շրջանում վստահության ամրացման, սպայական կազմի ներգրավման, ռազմական գործի ուսումնական մեխանիզմների զարգացման, ժամանակակից սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերման և այլ ուղղություններով, որը կբերի աստիճանական պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը:
Նրա խոսքով՝ արդիական ուղղություններով ռազմարդյունաբերական հաջողությունները, նոր տեսակի սպառազինության, զինտեխնիկայի ձեռքբերումը պետք է ուղեկցվեն համապատասխան կադրերի ուսուցմամբ և ներգրավմամբ:
«Զինված ուժերին ավելի ու ավելի շատ է անհրաժեշտ բարձր տեխնոլոգիաներին տիրապետող ավտոմատ կառավարման համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, կիբեռպատերազմի տիրապետող անձնակազմ: Զինակոչի շրջանում այս բոլոր հանգամանքներն անհրաժեշտ է հաշվի առնել և համապատասխան հմտություններ ունեցող զինակոչիկներին ներգրավել կրթական ծրագրերում»,- նշել է նա:
Ամփոփելով՝ Հակոբ Արշակյանը կարևորել է նաև նորարարության, բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ ռազմավարական մոտեցումները: