Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է Պեմզաշենի աղմկոտ սպանությունների գործով ձերբակալված երկու անձանց՝ 31-ամյա Վրույր Բարսեղյանի և նրա ազգական, 42-ամյա Արկադի Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դատախազության ներկայացրած միջնորդությունները:
Պեմզաշենցի 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության կասկածանքով նախ ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանը։ Նա ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, իսկ երեկ արդեն Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը, որ տղամարդը մինչև սպանությունը սեռական ոտնձգություն է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ։
Վրույր Բարսեղյանը կալանավորվեց այսօր լուսադեմին։ Արկադի Բարսեղյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարեց այսօր երեկոյան՝ ավելի քան հինգ ժամ տևած դռնփակ նիստում։
Արկադի Բարսեղյանի փաստաբան Վոլոդյա Մինասյանի հավաստմամբ` ներկայացված նյութերով չեն հիմնավորվում իր պաշտպանյալի նկատմամբ կասկածները։
Վոլոդյա Մինասյան (փաստաբան) - Նախաքննական մարմինն այս ընթացքում կարող է ստուգել Արկադի Բարսեղյանի տված ցուցմունքը և համոզվել, որ նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ չունի։ Նրան տարել են գյուղից, այնտեղից, որտեղից եղել է։
Արկադի Բարսեղյանը չի ընդունում մեղքը և ինքնախոստովանական ցուցմունք չի տվել։ Այնուհանդերձ, նախաքննական մարմինը պնդում է՝ ունի բավարար ապացույցներ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համար։
Ըստ քննչականի պաշտոնական հաղորդագրության` անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով հոգեկան հիվանդություն ունեցող Վրույր Բարսեղյանը նոյեմբերի 8-ին՝ ժամը 21-ի սահմաններում, իր ազգական 41-ամյա Արկադի Բարսեղյանի հետ պայմանավորվել է մտնել Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչի տուն` գումար հափշտակելու համար: Նույն օրը մտադրությունն իրագործել են` օգտվելով փաստից, որ մուտքի դուռը բաց է եղել:
Տանտիրուհուց տեղեկանալով, որ տանը գումար չկա, կատարած հանցագործությունները թաքցնելու համար, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Թեև քննչական կոմիտեի հաղորդագրության նկարագրական հատվածում չի նշվում բռնաբարության փաստը, սակայն 32-ամյա Վրույր Բարսեղյանին առաջադրված մեղադրանքների շարքում նշվում է նաև Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածը, որը ենթադրում է սեռական բնույթի բռնի գործողություն:
Բարսեղյաններին առաջադրվել է նաև առանձին դաժանությամբ սպանության և ավազակության մեղադրանք: