Այսօր ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հայ-ադրբեջանական սահմանները ճշգրտելու մասին:
«Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականի մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք, օրինակ՝ Հայաստանն օկուպացրել է: Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: Այս կապակցությամբ ուզում եմ ասել մեր դիրքորոշումը. մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ի՞նչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղի՞ց որտեղ պետք է գնա:
Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն:
Եթե մենք վերցնում ենք Խորհրդային Միության սահմանը, եթե, օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը, օրինակ՝ հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ նկատի ունի՝ այդտեղ որոշակի տարածքային բաժանում կա, սահման կա: Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, քարտեզը: Մենք չենք մերժում դա, որովհետև հենց այդ նույն տարածքներում հայկական 4 գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է: Օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է: Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է: Օկուպացված են Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողերը»,- ասաց Փաշինյանը: