Գալիք տարվա բարձր տնտեսական աճի և մասնավոր հատվածի զարգացման պայմանների բարելավման հարցերին անմիջականորեն կապված են հարկային քաղաքականության և հարկային վարչարարության ուղղությամբ անելիքները: Այս հարցին ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մասնավոր հատվածի մրցունակության որոշիչ հարկային գործոններից մեկը՝ եկամտային հարկի դրույքաչափը, շարունակելու է նվազել 1 տոկոսային կետով՝ դառնալով ավելի նպաստավոր մասնավոր հատվածի ծրագրերի համար: Մյուս հիմնական հարկատեսակների դեպքում դրույքաչափերը կմնան անփոփոխ, իսկ հարկային եկամուտների ավելացումն առավելապես տեղի կունենա հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և հարկման համահավասարությունն ընդլայնելու արդյունքում»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարության ծրագրով սահմանված հիմնական մակրոտնտեսական թիրախներից մեկը ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքելիության ցուցանիշի աճն է:
«Նախատեսվում է 2026 թվականին հասնել հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոսը գերազանցող ցուցանիշի: 2021 թվականին այն կազմել է 22.7 տոկոս, իսկ 2023-ին ծրագրային թիրախը 23.7 տոկոսն է»,- ասաց Խաչատրյանը: