Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը:
Նախաձեռնության համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:
Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից: