ՀՐԹԻՌԱԿՈԾՎԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ. ԶՈՀՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՐԴ
Նոյեմբերի 15-ի երեկոյան Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: Հրթիռակոծությունից հետո Լեհաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրանից անհապաղ պարզաբանումներ են պահանջել: Ըստ երկրի արտգործնախարարության նախնական վարկածի՝ Լեհաստանի տարածքը հրթիռակոծվել է ռուսական ուժերի կողմից: Ավելի ուշ Լեհաստանի նախագահը հայտարարեց, որ լեհական կողմը դեռևս չի կարող հստակ ասել՝ ով է հրթիռներ արձակել Լեհաստանի տարածքի ուղղությամբ: Անջեյ Դուդայի խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է: Իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել երկրի օդային տարածքի պաշտպանությունը, հիմնական ծառայությունները բերվել են բարձր պատրաստականության։ Ստեղծված իրավիճակը Դուդան քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Մոսկվային ներկայացվող մեղադրանքները և միջադեպը կանխամտածված սադրանք որակել: Գերատեսչությունից նշել են, որ ռուսական կողմը հարվածներ չի հասցրել լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող թիրախներին, իսկ դեպքի վայրից հայտնաբերված հրթիռների բեկորները կապ չունեն ռուսական զինատեսակների հետ։
Լեհաստանի տարածքի հրթիռակոծությունը հայտնվել է համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում: Բալիում Մեծ քսանյակի մի շարք ղեկավարներ արտակարգ հանդիպում են անցկացրել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպումից հետո հայտարարել է, որ հիմք ընդունելով նախնական տեղեկությունները՝ չի կարելի պնդել, թե Լեհաստանի տարածքում ընկած հրթիռներն արձակել է Ռուսաստանը: Նա շեշտել է, որ Միացյալ Նահանգները, G7-ի երկրները և ՆԱՏՕ-ն լեհական կողմին կօգնեն միջադեպի հետաքննության շրջանակում:
CNN-ի տվյալով՝ ՆԱՏՕ-ին արդեն հաջողվել է պարզել Լեհաստանի տարածքում ընկած հրթիռի հետագիծը: Այդ տվյալները դաշինքը փոխանցել է Վարշավային: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Associated Press-ն էլ, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում իր աղբյուրները, հայտարարել է, որ հրթիռներն արձակել են Ուկրաինայի զինված ուժերը: Գործակալության տվյալով՝ ուկրաինական կողմը փորձել է որսալ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները թիրախավորած ռուսական հրթիռները:
ԹՐԱՄՓԸ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ 2024-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։
Այդ մասին նա տեղեկացրել է Ֆլորիդայում իր կողմնակիցներին հղած հատուկ ուղերձում։
«Կայացրել եմ այս որոշումը Ամերիկան կրկին հզորացնելու համար: Խնդրում եմ ձեր աջակցությունը: Սա անհավանական, բայց վտանգավոր արկած կլինի»,- ասել է Թրամփը։
Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում ԱՄՆ նախկին նախագահն անդրադարձել է երկրում անվտանգային խնդիրներին, էներգետիկ անկախությանը և հանցավորության դեմ պայքարին: Թրամփը քննադատել է նաև նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և դեմոկրատներին տնտեսական ճգնաժամի համար՝ պնդելով՝ եթե ինքը լիներ իշխանության ղեկին, Ուկրաինայում պատերազմ չէր սկսվի։
Նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Ջո Բայդենը Թվիթերի միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, հիշեցրել նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ձեռքբերումները՝ տնտեսություն՝ հարուստների համար, ռեկորդային գործազրկություն, առողջապահական համակարգի անկում, ծայրահեղականների խրախուսում, կանանց իրավունքների թիրախավորում և այլն։
«Դոնալդ Թրամփը տանուլ տվեց Ամերիկան»,- մակագրել է Բայդենը հրապարակումը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 9-ին հայտարարեց, որ 2024 թվականին պատրաստվում է պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար, սակայն վերջնական որոշման մասին կտեղեկացնի 2023 թվականին:
G20-Ի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Մեծ քսանյակի ղեկավարները Բալիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել: G20-ի անդամների մեծ մասը խստորեն դատապարտել է պատերազմն Ուկրաինայում: «Քսանյակն ընդգծել է, որ պատերազմի պատճառով աշխարհում տնտեսական ճգնաժամն էլ ավելի է սրվում, էներգետիկ և պարենային անվտանգությունը վտանգի տակ է»,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության մասին եղել են և այլ տեսակետներ, իսկ պատժամիջոցների վերաբերյալ՝ տարբեր գնահատականներ։
G20-ի երկրներն ընդգծել են հացահատիկի գործարքի կարևորությունը և հանդես եկել դրա երկարաձգման օգտին:
Քսանյակի ղեկավարները նաև անընդունելի են որակել միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքը։ Նրանք կոչ են արել կարգավորել բոլոր հակամարտությունները խաղաղ ճանապարհով:
Փաստաթղթում նշվում է, որ էներգետիկ ճգնաժամի ֆոնին հարկավոր է ապահովել էներգակիրների մատչելիությունը, ուժեղացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը: G20-ի առաջնորդներն ընդգծել են նաև ապատեղեկատվության և կիբեռսպառնալիքների դեմ պայքարի կարևորությունը: