ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նոյեմբերի 14-ից աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում:
Մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում են մարզպետարանի և մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ:
Պատվիրակությունը նահանգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել ԳԴՀ Նաումբուրգ քաղաքի պատմամշակութային կենտրոններում, ծանոթացել գերմանական մշակույթի արժեքներին։
Այնուհետև շարունակվել է շրջայցը Վեիսենֆելս դաշնային շրջանի մասնագիտական կրթական դպրոցներ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվել են ուսումնական ծրագրերը, գիմնազիայում սովորող ուսանողների համար ստեղծված պայմանները, փորձի փոխանակման նպատակով քննարկել համագործակցության ուղիներ։
Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության հաջորդ կանգառը կաթի վերամշակման գործարանն էր, որտեղ նրանց ներկայացվել է կաթնամշակման գործընթացը։
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Գորշեն քաղաքի Օկթադրոն թափոնների տնտեսական վերամշակման քաղաքային ընկերությունում էլ հայկական պատվիրակությունը ծանոթացել է աղբի վերամշակման տեխնոլոգիային։ Գերմանական կողմը հետաքրքրություն է ներկայացրել Արմավիրի մարզում թափոնների մշակման հնարավորությունների, առկա պայմանների և նախատեսվող գործընթացների ուղղությամբ։
Օրը նշանավորվել է Արմավիրի մարզպետի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդի դաշնային շրջանի ղեկավար և ադմինիստրատոր Գյոտս Ուրլիխի միջև համայնքային զարգացման գործընկերության հաստատման հուշագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է համագործակցել կրթական ծրագրերի, մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության զարգացման, գինեգործության, թափոնների վերամշակման, ինչպես նաև ժամանակակից ոռոգման համակարգերի փոխադարձ ուսումնասիրության ուղղությամբ։
Քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ կողմերը պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել փոքր մասնագիտական խմբերով, կազմակերպել հուշագրից բխող միջոցառումների իրականացման ծրագրերը։