Նոյեմբերի 15-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նորանշանակ նախագահ Ռադոսլավ Ֆոգիելի հետ։ Վերջինս նաև Լեհ-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի լեհական կողմի նախագահն է։
Զրուցակցին հանգամանալից ներկայացվել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիան, հայ ռազմագերիների նկատմամբ կատարված ռազմական հանցագործությունները։
Անդրադարձ է կատարվել ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ոչ կառուցողական, առավելապաշտական դիրքորոշմանը և այդ երկրի բարձրագույն ղեկավարության անթույլատրելի ռազմատենչ հռետորաբանությանը։
Սամվել Մկրտչյանը դրվատել է ԵՄ դիտորդական առաքելության, ինչպես նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբի ներգրավումը և անհրաժեշտ համարել ԵՄ վերոնշյալ գործունեության ժամկետի երկարաձգումը։
Նա ընդգծել է միջազգային հանրության, եվրոպական գործընկերների հստակ դիրքորոշումների արտահայտման կարևորությունը՝ կանխելու հետագա սրացումը և նպաստելու բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը։